ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական ներկայացրեց
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում քիչ առաջտեղի ունեցավ գործկոմի նիստ։ Նշենք, որ Հայաստանի հավաքականը օրերս պարտություն էր կրել Իտալիայի հավաքականին 1:9 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում գործկոմի նիստի ավարտից հետո ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ քննարկման արդյունքում ինքը առաջարկել է ընդունել հրաժարականի դիմումը.«Այսօրվա գործկոմի նիստին մասնակցել են գրեթե բոլոր անդամները: Մեր հավաքականը, գիտեք, աննախադեպ`9:1 հաշվով պարտություն կրեց, ինչը մեզ համար շատ մտահոգիչ էր: Քննարկման արդյունքում ես` որպես ՀՖՖ նախագահ, առաջարկեցի գործկոմի անդամներին, որ ընդունեն իմ հրաժարականի դիմումը»:
Գործկոմի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց, որ ընդունել են Վանեցյանի հրաժարականը. «Մենք գնահատել ենք պարոն Վանեցյանի աշխատանքը, շնորհակալություն ենք հայտնել նրան համատեղ աշխատանքի համար: Քննարկելով ստեղծված իրավիճակը` հանգել ենք այն եզրակացության, որ հայկական ֆուտբոլը և ֆուտբոլի ֆեդերացիան պետք է առողջանան: Այս գործընթացը պետք է սկսվի»:
Արթուր Վանեցյանը նաև հայտարարեց. «Ես շատ կարևոր հայտարարություն եմ ուզում անել: Երբ 2018 թ. հոկտեմբերին ես ընտրվեցի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ես այդ ժամանակ ևս հայտարարել էի, որ երկար ժամանակով չեն եկել ֆեդերացիա, որովհետև զբաղված եմ այլ աշխատանքով և ունեմ այլ առաքելություն: Ես ասել էի, որ մենք բոլորս եկել ենք մեկ նպատակով` առողջացնելու հայկական ֆուտբոլը: Դեկտեմբերի 23-ին մենք կանցկացնենք ժողով, կընտրվի նոր գործկոմ ու նոր ՀՖՖ նախագահ»: