երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
«Հայոց ցեղասպանությունը միայն մի՛ հիշեք. կանխե՛ք դրա կրկնությունը». Time

«Հայոց ցեղասպանությունը միայն մի՛ հիշեք. կանխե՛ք դրա կրկնությունը». Time

Time պարբերականը «Հայոց ցեղասպանությունը միայն մի՛ հիշեք. կանխե՛ք դրա կրկնությունը» վերտառությամբ հոդված է հրապարակել, որիհեղինակը Մարդու իրավունքների համալսարանական ցանցի ավագ ղեկավար Թոմաս Բեքերն է:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ մասնակի կրճատումներով.

«Ամեն տարի ապրիլի 24-ին մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ օսմանցիների ձեռքով զոհվել է մինչև 1,5 միլիոն հայ։ Բայց այս տարի մենք պետք է նաև անդրադառնանք այսօրվան, քանի որ հայերը կրկին բախվում են վայրագությունների մի նոր շարքի, որին աշխարհը հետևում է անտարբերությամբ: Անցած տարվա ընթացքում էթնիկ հայերը ենթարկվել են սպանությունների, սեռական խեղման, մշակութային ոչնչացման, իշխանությունների կողմից անմարդկային հայտարարությունների և հարձակումների մշտական սպառնալիքի. այդ ամենը եկել է Ադրբեջանից՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետության՝ Թուրքիայի անմիջական ռազմական և տնտեսական աջակցությամբ։ Իրավիճակը հասել է հումանիտար ճգնաժամի, քանի որ Ադրբեջանը խոչընդոտել է ընտանիքների, սննդի և բժշկական պարագաների տեղաշարժը Հայաստանի սահմանով. քայլ, որը դատապարտել է Արդարադատության միջազգային դատարանը և հենց երեկ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Այսօրվա հայերի համար այս վտանգը կրկին հայտնվել է 2020 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա», - գրում է հեղինակը՝ հիշեցնելով 44-օրյա պատերազմի և դրա հետևանքների մասին։

Բեքերը նկատում է, որ աշխարհի համար պատերազմն ավարտվել է, բայց գետնի վրա հայերի նկատմամբ դաժանությունը շարունակվում է։

«Բայց այն, ինչ ինձ ամենաշատն է հուզել Հայաստան կատարած իմ վերջին փաստահավաք այցի ժամանակ, որն իմ երրորդն է վերջին տարում, այն է, որ իրավունքների խախտումները, որոնց ես նախկինում ականատես էի Լեռնային Ղարաբաղում՝ ներառյալ առանց խտրականության սպանությունները, խոշտանգումները և կամայական կալանավորումները, այժմ Ադրբեջանի կողմից անպատժելիորեն իրականացվում են ինքնիշխան հայկական տարածքում»,- շարունակում է Բեքերը՝ մանրամասնելով, որ մարտին ինքը և իմ թիմը Հայաստանում փաստագրել են Ադրբեջանի կողմից վերջին ռմբակոծումների դեպքերը:

«Ամենից անհանգստացնողը, թերևս, այն տեսանյութերն էին, որոնք մեզ ցույց տվեց իր գյուղից փախած մի կին. դրանցում ներկայացված էր՝ ինչպես են ադրբեջանցի զինվորները գլխատում և անդամահատում կնոջ հարևանների մարմինները:Եվ երբ մենք հանդիպում էինք խոշտանգումների զոհերի և տեղահանված ընտանիքների հետ, զգոն էինք, քանի որ ադրբեջանցի զինվորները, որոնք դիրքեր էին տեղադրել մոտակայքում հայկական տարածքում, կրակում էին իրենց տեսադաշտում գտնվող մարդկանց վրա:

Ադրբեջանի նախապատրաստումը, հալածանքները, ապամարդկայնացումն ու ժխտումը, որոնցից յուրաքանչյուրը համարվում է ցեղասպանության «փուլ», Genocide Watch-ին դրդել է ցեղասպանության նախազգուշացում հրապարակել Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված հայերի համար: Միջազգային հանրության մյուս անդամները, ներառյալ Միացյալ Նահանգները, նույնպես տագնապ են հայտնել։ Անցյալ տարվա սեպտեմբերին հայկական գյուղերի գնդակոծումից հետո Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսին և կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտեցին Ադրբեջանի հարձակումները, իսկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը կոչ արեց անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տնտեսական օգնությունը։ Վրդովմունքը, սակայն, անցողիկ էր, և Ադրբեջանը դեռևս պատասխանատվության չի ենթարկվել:

Երկու տարի առաջ այս օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատմություն կերտեց, երբ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ խոստանալով «զգոն մնալ ատելության՝ իր բոլոր դրսևորումներով քայքայիչ ազդեցության դեմ» և «վերահաստատելով հանձնառությունը բարձրաձայնելու և դադարեցնելու վայրագությունները, որոնք տևական սպիեր են թողնում աշխարհի վրա»։ Որպեսզի Բայդենի հայտարարությունները լինեն ավելին, քան պարզապես խոսքեր, ԱՄՆ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի զսպելու Ադրբեջանի հարձակումներն էթնիկ հայերի դեմ և ցանկացած հետագա ներխուժում ինքնիշխան հայկական տարածք: Նրանք, ովքեր հայերի նկատմամբ կոպիտ ոտնձգություններ են իրականացրել, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Մեր փաստահավաք ճամփորդության ընթացքում արված գրեթե յուրաքանչյուր հարցազրույցում գերակա էր մի թեմա. հայերը և Լեռնային Ղարաբաղի բնակիչները պնդում էին, որ ոտնձգությունները, որոնց մենք ականատես ենք եղել, տարածաշրջանից հայերին արմատախիլ անելու ավելի մեծ արշավի մի մասն են: Թեև ոմանք կարող են այս պնդումները որակել որպես խուճապային, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն այլ բան են հուշում: Վերջին տասնամյակի ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաները կիրառել են Ռուանդայի ցեղասպանության և Հոլոքոստի ժամանակ օգտագործված լեզուն՝ հայերին անվանելով «քաղցկեղային ուռուցք» և «հիվանդություն», որը պետք է «բուժվի»: Վերջերս երկրի ավտորիտար առաջնորդ Իլհամ Ալիևը սպառնացել է «հայերին շների պես վտարել» և հայերին վերաբերվել որպես վիրուսով վարակված «հիվանդի»։ Բաքվի կառավարությունը նույնիսկ թողարկել է 2020 թվականի հատուկ նամականիշ, որում պատկերված է հատուկ հանդերձանքով անձ, որը «ախտահանում է» Լեռնային Ղարաբաղը։

Նույնչափ մտահոգիչ են Ադրբեջանի հայտարարությունները Հայաստանը նվաճելու մասին. Ալիևի իշխանության գալուց ի վեր պաշտոնյաները հայտարարել են, որ «մեր նպատակը հայերի լիակատար ոչնչացումն է», և պնդում են, որ հայերը «իրավունք չունեն ապրելու այս տարածաշրջանում»:

Ալիևը պնդել է, որ «Երևանն իրենց պատմական հողն է, և ադրբեջանցիները պետք է վերադառնան ադրբեջանական հողեր… Դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է»։

Անցյալ շաբաթ նա հայտարարեց. «Մի օր հայերը կարող են արթնանալ և տեսնել Ադրբեջանի դրոշը իրենց գլխավերևում»:

Երբ բռնակալներն ու կռվարարները խոսում են, խելամիտ է ուշադրություն դարձնել նրանց ասածներին: Բառերը կարող են չսպանել, բայց դրանք հաճախ ուղղակիորեն հանգեցնում են գործողությունների, որոնք սպանում են»,-նշել է Թոմաս Բեքերը:

  • Կիսվել: