Հայաստանը սադրանքների չի տրվելու և չի շեղվելու խաղաղության օրակարգից. պատգամավորը՝ Ադրբեջանի կրակոցների մասին
Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կարծում է, որ Ադրբեջանը, կրակոցներ արձակելով Սյունիքի մարզի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, փորձում է Հայաստանին շեղել խաղաղության օրակարգից։ Պատգամավորը վստահեցնում է՝ Հայաստանն այդ սադրանքներին չի տրվելու և չի շեղվելու իր օրակարգից։
Պատգամավորն այդ մասին խոսել է խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ:
Անդրադառնալով վերջին օրերին Խոզնավարի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներին՝ պատգամավորը նշեց, որ Հայաստանն իր պաշտոնական դիրքորոշումը հայտնել է ոչ մեկ անգամ: Հայաստանն անդրադառնում է բոլոր միջադեպերին, որոնք տեղի են ունենում ՀՀ սահմանային հատվածներում:
«Շարունակելու ենք շարժվել խաղաղության մեր օրակարգով: Մենք առաջարկել ենք Ադրբեջանին երկկողմ դիտարկել սահմանային հատվածը, տվյալ միջադեպերը քննության առնել և պարզել, թե որ կողմն է միջադեպերը հրահրում, ինչպես է դա տեղի ունենում: Մենք այս ուղղությամբ շարունակելու ենք աշխատել: Եվ Հայաստանի Հանրապետությունն այդ սադրանքներին չի տրվելու և չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Մենք գնում ենք խաղաղության օրակարգով և միջազգային հանրության կողմից էլ ունենք աջակցություն՝ ուղղված այս օրակարգին»,–ասաց Հովհաննիսյանը:
Մայիսի 30-ին ևս ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։
Մայիսի 29-ին ևս ադրբեջանական զինուժը կրակել էր Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով բնակելի տուն էր վնասվել։ Դրանից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Ադրբեջանը հրաժարվել է ընդունել, որ կրակել է Խոզնավարի ուղղությամբ։