Հայաստանը մինչև վերջ պնդել է, որ լինի Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը, սակայն Ադրբեջանը չի համաձայնվել․ Էդմոն Մարուքյանը՝ Սոչիի հայտարարության մասին
Հայաստանը մինչև վերջ պնդել է, որ հայտարարության մեջ լինի Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը, սակայն այն տեղ չի գտել, որովհետև Ադրբեջանը չի համաձայնվել։ Այս մասին «Civilnet»-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով Սոչիի հայտարարության տեքստից դուրս մնացած հատվածներին, ասաց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Կա նոյեմբերի 9-ի փաստաթղթի հղում, որտեղ երեք անգամ արձանագրվում է Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի մասին, արձանագրում կա շփման գծի, Լաչինի միջանցքի և խաղաղապահ առաքելության մասին։ Այս բոլոր արձանագրումները գալիս են նոյեմբերի 9-ից։ Լեռնային Ղարաբաղը կա, ուզեն, թե չուզեն, դրա մասին է խոսում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Ալիևը հիմա ասում է, որ Ղարաբաղի մասին խոսելու բան չկա, որովհետև այդ հարցը լուծվել է, սակայն բոլոր բանակցությունների ընթացքում քննարկվող թեմաների 30 տոկոսը, եթե ոչ ավելին, ԼՂ-ի մասին է։ Եթե թղթի մեջ չի գրվում, դա չի նշանակում, որ այն չկա։ Իմացեք, որ խոսվել է, խոսվում է և խոսվելու է»,- ասաց Էդմոն Մարությանը։
Նա նշեց նաև, որ բանավոր բանակցությունների ժամանակ հայկական կողմը հստակ արձանագրում է արել, որ ադրբեջանական զորքը պետք է դուրս կգա ՀՀ սուվերեն տարածքից։
«Ասել ենք, որ դա քննարկման ենթական չէ։ Ինչի հիման վրա պետք է դուրս գան՝ Ալմա Աթայի հռչակագրի և այն սահմանների, որը մենք ճանաչել ենք Պրահայում։ Ադրբեջանական կողմը հազար ու մի բան է ասում, երբ խոսք է գնում զորքը հանելու մասին, ասում է դե դուք էլ ձեր զորքը հանեք ԼՂ-ից, մենք ասում ենք՝ մենք զորք չունենք ԼՂ-ում, այնտեղ կա ՊԲ, քանի որ կա նաև անվտանգության հարց, ինչը Ադրբեջանն է ապացուցել իր գործողություններով»,- նշեց հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։


