հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Հայաստանը միանում է Իրանի, Օմանի, Կատարի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի միջև տրանսպորտային միջանցքի համաձայնագրին

Հայաստանը միանում է Իրանի, Օմանի, Կատարի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի միջև տրանսպորտային միջանցքի համաձայնագրին

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում հավանություն տվեց  «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրին (այսուհետ՝ Աշգաբաթի Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության միանալուն:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Աշգաբաթի Համաձայնագրին միանալը կնպաստի անդամ պետությունների տարածքով բեռների և ուղևորների փոխադրման ու տարանցման հուսալի պայմանների ստեղծմանը, մուլտիմոդալ փոխադրումների դյուրացմանը, տրանսպորտային ծախսերի օպտիմալացմանը, հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը, տրանսպորտային փոխադրումների անվտանգության բարձրացմանը, անդամ պետությունների փոխադրող կազմակերպությունների համար հավասար պայմանների ստեղծմանը։

Աշգաբաթի Համաձայնագրին միանալը կապահովի տրանսպորտային միջանցքի միջոցով մուտքը միջազգային շուկաներ, միջազգային փոխադրումների համար անհրաժեշտ տարանցման փաստաթղթերի ներդաշնակեցմանը, մաքսային ընթացակարգերի դյուրացմանը,անդամ պետությունների տրանսպորտային ենթակառուցվածքներից ոչ խտրական սկզբունքով օգտվելուն։

Համաձայնագիրը հնարավորություն կտա կարգավորելու համաձայնագրի կողմ հանդիսացող երկրների միջև տրանսպորտի տարբեր տեսակներով լոգիստիկ փոխադրումների իրականացման գործընթացը, ինչպես նաև կնպաստի երկրների միջև փոխշահավետ տնտեսական և գործարար կապերի խթանմանը, համագործակցության ընդլայնմանը, Հայաստանի Հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը:

Համաձայնագիրը համահունչ է«Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին և կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային կապերի և տնտեսական համագործակցության խորացմանը։

  • Կիսվել: