Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի հետ կապված մենք հարց չունենք այսօր. Փաշինյան
ՀԱՊԿ-ից դուրս գալու օր և ժամ չեմ կարող ասել, իսկ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի հետ կապված մենք հարց չունենք այսօր։ Այս մասին այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ե՞րբ է Հայաստանը դուրս գալու ՀԱՊԿ–ից, և ի՞նչ է լինելու Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ճակատագիրը։
«Պետք է արձանագրենք, որ Զվարթնոց օդանավակայանում լիարժեք ծառայութուն են իրականացնում Հայաստանի սահմանապահները։ Իմ ընկալումն այն է, որ մենք շնորհակալություն ենք հայտնել ՌԴ–ի սահմանապահներին այսքան տարիներ այդ ծառայությունն իրականացնելու համար և արձանագրել ենք, որ ունենք բավարար կարողություններ՝ ինքներս դա անելու համար։ Այնպես չէ, որ դա ՌԴ–ի համար մի անհոգ հարց է, դա էլ է ծանրաբոռնվածություն։ Իսկ ո՞վ է ասել, որ Ռուսաստանի կարողություններն անսահմանափակ են՝ հատկապես ներկայիս իրադրության պայմաններում։ Սա հակադրություն չէ, այլ համագործակցություն»,–նշեց վարչապետը: