հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Հայաստանում կառավարող կուսակցության համար կքվեարկեր հարցվողների 14,4 տոկոսը. «Gallup»

Հայաստանում կառավարող կուսակցության համար կքվեարկեր հարցվողների 14,4 տոկոսը. «Gallup»

Եթե առաջիկա կիրակի ընտրություններ կայանային, հարցվողների 14,4 տոկոսը ձայնը կտար կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, «Հայաստան» դաշինքին՝ 3,7 տոկոսը, «ԴՕԿ» կուսակցությանը՝ 3,5, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 2,3, «Հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանին՝ 1,5 տոկոսը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը։

Նա ավելացրել է, որ հարցվածների 8,6 տոկոսը ոչ մեկին ձայն չէր տա, 7,1 տոկոսը հրաժարվել է պատասխանել, 22,5 տոկոսը դժվարացել է պատասխանել։

«32,5 տոկոսը կհրաժարվեր մասնակցել ընտրություններին։ Ստացվում է, որ հարցվողների ավելի քան 40 տոկոսը չէր մասնակցի ընտրություններին»,- ընդգծել է Նավասարդյանը։

Նշենք, որ հարցումն անցկացվել է հեռախոսով, հուլիսի 3-6-ին, 1 100 հարցվողների շրջանում։

  • Կիսվել: