Հայաստանում հաշտարարությունը հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար
Ունե՞ք ընտանեկան վեճ, ապա նախքան դատարան դիմելը պետք է հաշտարարի օգնությամբ փորձել համաձայնության գալ, իսկ եթե չհաջողվի՝ կարող եք դիմել դատարան։ Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից:
Հայաստանում հաշտարարությունը 2025 թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում են կողմերին միասին գտնել փոխադարձաբար ընդունելի որոշում: Դուք ընտրում եք ձեր հաշտարարին՝ ելնելով ձեր սեփական կարիքներից: Հաշտարարության առավելություններն են՝ խնդրի ավելի արագ լուծումը, սթրեսի նվազեցումը, ավելի ցածր ծախսերը և գաղտնիությունը:
Հաշտարարությունը կարող է արդյունավետ այլընտրանք լինել տարբեր վեճերի լուծման համար: Ստորագրվելուց և հաստատվելուց հետո հաշտության համաձայնությունն ունի այն նույն իրավական ուժը, ինչ դատարանի որոշումը։ Եթե կողմերից մեկը չի կատարում համաձայնության պայմանները, ապա հնարավոր է դիմել հարկադիր կատարման:
Հաշտարարությունը պարտադիր է հետևյալ գործերով
Ամուսնալուծություն
Երեխայի բնակության վայրի որոշում
Ալիմենտի բռնագանձում
Ընդհանուր գույքի բաժանում
Երեխայի հետ շփման, դաստիարակության և կրթության հարցեր
Երեխայի տեսակցության կարգի սահմանում
Ամուսնական պայմանագրի փոփոխում կամ լուծում
Առավելությունները
Վեճի արագ և պակաս ծախսատար լուծում
Բոլոր կողմերին ընդունելի արդյունք
Ողջ գործընթացի գաղտնիություն
Հաշտարարին ընտրելու ազատություն