չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են վերջնական կարգավորմանը. կարծում եմ՝ 2-ն էլ կարող են միանալ Աբրահամյան խաղաղության համաձայնագրերին. Ուիթքոֆ

Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են վերջնական կարգավորմանը. կարծում եմ՝ 2-ն էլ կարող են միանալ Աբրահամյան խաղաղության համաձայնագրերին. Ուիթքոֆ

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և օգնական Սթիվ Ուիթքոֆը Breitbart News-ին տված հարցազրույցում ասել է՝ Սպիտակ տունն ակնկալում է, որ առաջիկա ամիսներին տեղի կունենա Աբրահամյան խաղաղության համաձայնագրերի հավանական ընդլայնում. նրա կանխատեսմամբ՝ համաձայնագրերին կարող են միանալ և Հայաստանն ու Ադրբեջանը:

Աբրահամյան խաղաղության համաձայնագրերը ներդրվել են Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում: Դրանց նպատակն է տասնամյակների ընթացքում առաջին անգամ համոզել արաբական մի շարք երկրների պաշտոնապես կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ: Համաձայնագրերին առայժմ միացել են ԱՄԷ-ն, Բահրեյնը և Մարոկկոն։

Սակայն Աբրահամյան համաձայնագրերի առաջընթացը փակուղու առաջ էր հայտնվել այն բանից հետո, երբ Թրամփը հեռացել էր Սպիտակ տնից՝ տեղը զիջելով դեմոկրատ Ջո Բայդենին. վերջինիս նախագահության ժամանակ նոր երկրներ չեն միացել համաձայնագրերին:

Ուիթքոֆը շոկային կանխատեսում է արել առ այն, որ Լիբանանը, որտեղից գործում է Իսրայելի դեմ պայքարող «Հեզբոլլահ» շիական շարժումը, և Սիրիան, որտեղ իսլամիստ առաջնորդը տապալել է Բաշար ալ Ասադի կառավարությունը, շուտով կարող են միանալ Իսրայելի հետ Աբրահամի համաձայնագրին: Որպես հավանական գործընկեր նա նշել է նաև Լիբիան, Հայաստանը և Ադրբեջանը։

«Իմ կանխատեսումն այն է, որ համեմատաբար շուտով մենք կտեսնենք Լիբանանի և նույնիսկ Սիրիայի պարագայում կարգավորման ներուժը: Նրանց կողմից ուժեղ դրական արձագանքներ են եղել: Նույնը կարող է տեղի ունենալ Լիբիայի հետ: Աբրահամյան խաղաղության համաձայնագրերին միանալը կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հետ: Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտության կարգավորմանը, վերջնական կարգավորմանը: Երկուսն էլ, կարծում եմ, կարող են պատրաստ լինել միանալ Աբրահամյան խաղաղության համաձայնագրերին: Այսպիսով, դա մեծ նախաձեռնություն է նախագահի կողմից: Նա հավատում է դրան: Այն նպաստում է ընդհանուր առմամբ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Մենք  շատ լավ թիմ ունենք... Ես իսկապես վստահ եմ, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կունենանք չորս կամ հինգ, գուցե վեց երկրներ, որոնք կկնքեն Աբրահամյան խաղաղության համաձայնագրերը, և դա մեծ ազդանշան կլինի աշխարհին նախագահ Թրամփի արտաքին քաղաքական նախաձեռնությունների մասին՝ աշխարհում խաղաղություն և կայունություն խթանելու համար», - եզրափակել է նա:

  • Կիսվել: