շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Հայաստանի ներսում գործում է թուրք–ադրբեջանական փափուկ ուժ. Մարուքյան

Հայաստանի ներսում գործում է թուրք–ադրբեջանական փափուկ ուժ. Մարուքյան

2024–ի ապրիլին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մի հարցազրույցում ասաց, որ վարչապետը գաղափար ունի փնտրել ու գտնել Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի անուն-ազգանունները, ինչպես նաև իրենց մահվան հանգամանքները, այսինքն՝ ինչ–որ քննչական աշխատանքների վերաբերյալ առաջարկ էր հնչում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հիշեցրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշեց.  «Պատկերացրեք, մարդիկ առաջարկում են գնալ Դեր Զորի անապատ, Ցեղասպանության մյուս վայրեր և այնտեղ փնտրել մարդկանց անունները, դեպքերը։ Դա հին թուրքական թեզ է, պնդում են առաջ բերում, որ 1.5 մլն զոհ չի եղել, եկեք հանձնաժողով ստեղծենք, քննարկենք։ Հետո, երբ մենք սուր քննադատեցինք, ինքը ևս մի հարցազրույց տվեց ու ասաց, որ դա իր գաղափարն է եղել, վարչապետինը չի եղել։ Երևի խիստ նկատողություն էր ստացել։

Ամեն դեպքում, երբ այդ թեզերը կոնկրետ նպատակ ունեն, և Հայաստանի ներսում գործում է թուրք–ադրբեջանական փափուկ ուժ։ Սա նշանակում է, որ ոչ թե պատերազմով, այլ փափուկ ուժով փորձում են մարդկանց մտքերը, պատկերացումները իրենց անցյալի, ազգի անցյալի, ազգի վերածննդի մասին սկսում են ռևիզիայի ենթարկել, վերանայել այդ պրոցեսը։

Ամբողջ աշխարհը գիտական, իրավական, քաղաքական, պատմական մակարդակներում հասկացել է և հաստատված է, որ Ցեղասպանություն եղել է։ Հիմա մարդիկ եկել, ուզում են վերանայել դա»:

Ըստ Մարուքյանի՝ Ցեղասպանության ճանաչման հարցը միշտ պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ:

«Մի ծայրահեղություն է ուրացումը, և կա մյուս ծայրահեղությունը՝ այդ հարցը դրոշակի պես բերել ու դարձնել առաջնահերթություն։ Բայց արտաքին քաղաքական մեր հարցերի մեջ դա պետք է լնիի, որովհետեւ մեզ համար ունի անվտանգային նշանակություն։

111 տարի առաջ ասում էին՝ հայերը չպետք է այստեղ ապրեն, մեզ համար խնդիր են, պետք է իրենց կոտորել։ Հետո Արցախում նորից ասում են՝ հայերը չպետք է էստեղ ապրեն, մեզ խանգարում են, էթնիկ զտում պետք է լինի։ հետո գալիս է միջանցքի խոսակցությունը, որ ասում են՝ մենք պետք է գնանք–գանք, բայց դուք չպետք է այստեղ կանգնեք։

Երբ դա միջազգային հարթակներում ներկայացնում ես, հասկանում են, ու չի կարելի կտրել դա, աղճատել պատմությունը։ Սա ես ասում եմ ոչ թե պահանջատիրության տեսանկյունից, այլ մեր ազգային իմունիտետի բարձրացման իմստով»,-նշեց նա:

  • Կիսվել: