Հայաստանի անվտանգության մակարդակը կբարձրանա եվրաինտեգրման գործընթացում. Արտակ Զեյնալյան
«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը նախաձեռնած խումբը կարծում է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը հավաքական արևմուտքի ժողովրդավարական ինստիտուտներն են:
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նման դիրքորոշում հայտնեց նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը նկատեց՝ օրենքի քննարկման ընթացքում բազմաթիվ են եղել անդրադարձները նրան, որ օրենքի ընդունումը հնարավորություն կտա Հայաստանին դիվերսիֆիկացնել իր անվտանգային միջավայրը: Նա հետաքրքրվեց, թե արդյոք այդ իմաստով որևէ փոփոխություն եղե՞լ է դիրքորոշումների մեջ՝ վերջին երկու շաբաթվա զարգացումների համատեքստում: Ըստ Գևորգյանի՝ ԵՄ-ն ինքը գտնվում է բավականին բարդ վիճակում, ինչը չեն թաքցնում:
«Մենք ավելի ամրապնդում ենք մեր համոզմունքը, որ Հայաստանի անվտանգության մակարդակը կբարձրանա եվրաիտեգրման գործընթացի արդյունքում, նաև պրոցեսի ընթացքում: Եթե անցած տարվա սեպտեմբերի 21-ին համապետական հանրաքվե նշանակած լինեինք, ինչն առաջարկել էինք խորհրդարանական լսումների ժամանակ, ապա հիմա շատ ավելի շահեկան վիճակում կլինեինք»,-ասաց Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով՝ պետական անվտանգությունը բազմաբաղադրիչ է, և ռազմական բաղադրիչն ընդամենը անվտանգության բաղադրիչներից մեկն է: «Եվ մեր համոզմամբ՝ Հայաստանի անվտանգության երաշխավորը հավաքական Արևմուտքի ժողովրդավարական ինստիտուտներն են, որոնք ապահովում են իրենց ժողովուրդների ազատությունն ու իրավունքները: Պետության գոյության իմաստն ու նպատակը մարդու իրավունքների, ազատությունների երաշխավորումը, ապահովումն ու պաշտպանությունն է»,–ասաց նա՝ տեսակետ հայտնելով, որ դա չկա որևէ այլ կառույցում, որին անդամակցում է Հայաստանը՝ բացառությամբ Եվրոպայի խորհրդի: