Հաշվեքննիչ պալատը Երևանի ՋԷԿ-ում խախտումներ է հայտնաբերել
«Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում 2017-2018 թվականների ընթացքում 87 աշխատակիցներին պակաս են հաշվարկել ու վճարել 21 մլն 218 հազար դրամ, այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Հաշվեքննիչ պալատի երրորդ վարչության պետ Գեղամ Հովեյանը՝ ներկայացնելով ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ՀՀ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:
Բացի այդ, 2017-18 թվականների ընթացքում 21 աշխատակիցների հաշվարկվել ու վճարվել է 7 մլն 477 հազար դրամ ավելի աշխատավարձ, քան նախատեսված է եղել պայմանագրով: Նրա ներկայացմամբ, թափուր հաստիքների համար նախատեսված աշխատավարձային ֆոնդը ուղղվել է աշխատակիցների պարգևատրումների համար: 2017-ին թափուր հաստիքները եղել են 54-ը, իսկ 2018-ին՝ 34-ը: 2017-2018 թվականներին աշխատողների համար հաշվարկվել ու վճարվել է համապատասխանաբար 64 մլն 731 հազար դրամ և 84 մլն 489 հազար դրամ պարգևատրում:
Ինչ վերաբերում է ընկերության պարտքերին, ապա Հովեյանի ներկայացմամբ, 2017-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ դրանք կազմել են 20 մլրդ 913 մլն դրամ, իսկ 2018-ին՝ 18 մլրդ 487 մլն դրամ:
«Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն»-ը 2017-ին հիմնականում կատարել է 1 մլն 337 հազար դրամի գնումներ մեկ անձից ու բանակցային ընթացակարգով: Հաշվեքնիչ պալատի մասնագետները խախտումներ են հայտնաբերել գնումների ըթնացակարգերում: «Չեն կնքվել պայմանագրեր, որոնք հակասում են Գնումների մասին օրենքին»,- նշեց Գեղամ Հովեյանը: