Հարց է, թե ո՞վ է ում թիկունքին կանգնել. իրենք չլինեին, ուրիշները կլինեին. Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀԿ–ի մասին
Ե՞րբ է Հանրապետական կուսակցությունը իշխանություն դարձել, ես ո՞վ էի այն ժամանակ. Ո՞վ է ում թիկունք կանգնել, ո՞վ է ում օգնել կայանալ որպես կուսակցություն։ Այս մասին մի քանի լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով տեսակետին, թե 2018-ը տեղի ունեցավ, որովհետև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն իշխանությանը թիկունք չկանգնեց, այլ նաև ՀՀԿ–ից ակնարկում են, որ թիկունքից ինչ-որ գործողություններ են եղել, մինչդեռ ՀՀԿ–ն 10 տարի թիկունք է եղել երկրորդ նախագահին, դրա համար էլ իր իշխանությունը անսասան եղավ։
«Իրենք թիկունք չկանգնեին, իրենք չէին լինի, ուրիշները կլինեին։ Այստեղ նույնիսկ բարոյականության հարց կա այդ կարգի բան հնչեցնելու։ Կամ կարող է երիտասարդներ են, որոնք այդ ժամանակահատվածը ուղղակի լավ չեն հիշում։ Հանրապետական կուսակցությունը եղել է փոքր կուսակցություն։ Վազգեն Սարգսյանի հետ միասին պայմանավորվել ենք, Վազգեն Սարգսյանը դարձավ առաջնորդ և Հանրապետական կուսակցությունը որպես արդեն իշխանական կուսակցություն թափ հավաքեց։ Այդ ժամանակ նախագահի իշխանությունը շատ ավելի մեծ էր, քան վարչապետի իշխանությունը, ես էի նախագահը։ Եվ ասել, որ իրենք են ինձ թիկունք կանգնել... այո, իրենք եղել են խորհրդարանական մեծամասնությունը, բայց տվյալ դեպքում մեծ հարց է, ով, ում ավելի շատ աջակցություն է ցուցաբերել։