ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան. ՌԴ ԱԳՆ
ՀԱՊԿ-ը պատրաստ է իր դիտորդներին Հայաստան ուղարկելու, ինչի համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Լավրովը, մասնավորապես, նշել է. ՛՛ՀԱՊԿ արտահերթ գագաթաժողով հրավիրելու Հայաստանի խնդրանքից անմիջապես հետո այն կայացավ, որոշվեց Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին եւ միասնական շտաբի ղեկավարին։ Գնացել են, առաջարկություններ են բերել, որոնք մեր ձեռքում են արդեն ավելի քան մեկ ամիս։ Դրանք հիմնված են Ադրբեջանի սահմանին Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելության աշխատանքի վրա՛՛:
Ըստ Լավրովի՝ միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է հրավիրի ՀԱՊԿ նախագահը։
՛՛Հիմա Հայաստանի Հանրապետությունն է նախագահում, այնպես որ, հենց որ ժամանակ ունենաք, մենք պատրաստ կլինենք պաշտոնապես հաստատել առաքելությունը, այն կկարողանա սկսել աշխատանքը՛՛,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
ՀՀ արտգործնախարարն էլ նշել է, որ Հայաստանը սպասում է դիտորդներին, սակայն նման հանդիպման վերաբերյալ համաձայնություն դեռեւս չկա։ Այս կապակցությամբ Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը ցանկացած պահի պատրաստ է նման նիստ անցկացնել՝ առցանց։


