Գևորգ Պապոյանը ղազախստանցի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Աստանայում տեղի ունեցած միջազգային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևի հետ։
Շնորհակալություն հայտնելով AIF-ի կազմակերպման և ջերմ ընդունելության համար՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնման, առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։
«Հայաստանը Ղազախստանի Հանրապետությունը համարում է տարածաշրջանում հուսալի և խոստումնալից գործընկեր: Մենք համոզված ենք, որ մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը կարող է զգալի ներդրում ունենալ ամբողջ եվրասիական տարածքի կայունության և բարեկեցության ամրապնդման գործում»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Իր խոսքում ՀՀ էկոնոմիկայի նախարարը կարևորել է փոխգործակցության խորացումը հատկապես դեղագործության, և թանկարժեք քարերի ու մետաղների արտահանման ուղղությամբ։ Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանը՝ նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է հայկական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի արտահանման ավելացմամբ, ինչպես նաև Ղազախստանից բարձրարժեք տոհմային կենդանիների ներմուծմամբ։
Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև Հայաստանի բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի շրջանակներում Հայաստանը կարող է դիտարկվել որպես կայուն փոխգործակցության, լոգիստիկայի, առևտրի և մարդասիրական գործընկերության հարթակ՝ միավորելով Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը։