ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Գաղտագողի մեր դիրքերն իջեցրել են, հասցրել հայ-վրացական միջպետական ճանապարհի պռնկին. Գեղամ Մանուկյան

Գաղտագողի մեր դիրքերն իջեցրել են, հասցրել հայ-վրացական միջպետական ճանապարհի պռնկին. Գեղամ Մանուկյան

Թուրքիայի սահմանին Մարգարայի անցակետի միլիարդավոր դրամների շինարարությունից հետո միակ արդյունքը, որ եղել է, Նիկոլ Փաշինյանը հոխորտացել է, թե Մարգարայի անցակետում ռուս սահմանապահները այլևս չկան։ Դիմացը ի՞նչ է՝ փակ սահման։ Մնացած բոլոր տեղերով նույն Թուրքիայի հետ սահմանը փակ է: Ի՞նչն է ապաշրջափակվել, հայկական երկաթուղի՞ն է բաց, ճանապարհնե՞րն են բաց: Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշեց.   «Երեք տարի Քըլըչ-Ռուբինյան բանակցություններ են ընթացել, ասում էին՝ երրորդ երկրների դիվանագետների համար  շուտով սահմանը բացում ենք, երեք տարի է անցել, երեք անգամ այդ ժամկետները մոռացվել են։ Կա՞ որևէ արդյունք այդ ամբողջ բանակցություններից: Որևէ արդյունք չկա»:

Հարցին՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ երկխոսության չգնալու այլընտրանքը ո՞րն է, պատգմավորը պատասխանեց. «Այո, պետք է բոլորի հետ բանակցել, այո, Թուրքիայի հետ պետք է բանակցել, Ադրբեջանի հետ պետք է բանակցել, բայց հարցը բանակցության օրակարգն է, ասում էին առաջին անգամ հպարտացան, թե առանց նախապայմանների ենք Թուրքիայի հետ բանակցում: Մի՞թե առանց նախապայմանների էր, այդ դեպքում ինչու՞ է թուրքական նախապայման Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: Այդ դեպքում այդ իրական Հայաստան-Արևմտյան Հայաստանի հակադրում, Արարատի, Արագածի հակադրումը ինչի՞ համար, չէ որ դրանք թուրքական նախապայմաններն են:

Նույն Ադրբեջանի հետ բանակցություններն իրականում միակողմանի զիջումների քաղաքականություն է: Երբ սահմանազատման, սահմանագծման աշխատակարգը բերում էին, հստակ ասում էինք՝ եղբայր, դու ունես 200 քառակուսի կմ-ից ավել օկուպացված տարածք, ինչու՞ ես դու սահմանազատումը իրականացնում ոչ թե այդ տարածքները ընդգրկելով դրա մեջ, այլ զիջումներով:

Այն, ինչ տեղի ունեցավ Կիրանցում, նույնը շարունակվելու է Կիրանցից դեպի Հյուսիս և այսօր այդ աշխատանքները տեղի են ունենում: Այսօր նույն Ոսկեպարի հատվածում, Վաղանիստի հատվածում: Պատահական չէ, որ ձեր գործընկերոջը այսօր ԱԱԾ-ն թույլ չի տվել նույնիսկ փոխված օրենքով այդ տարածքում նկարահանում իրականացնել: Թե՞ այդ նկարահանման արդյունքում հայ մարդը կտեսնի, որ այս իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը, ցավոք սրտի, զինվորականները այսօր գաղտագողի մեր դիրքերն իջեցրել են, հասցրել են մինչև հայ-վրացական միջպետական ճանապարհի պռնկին, գետի ափին»:

  • Կիսվել: