Firebird ընկերությունը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Հայաստանում 100ՄՎ ԱԲ տվյալների կենտրոն գործարկելու իր ծրագրերը
Դեսպան Քվինի հետ հանդիպման ընթացքում ամերիկյան Firebird ընկերությունը ներկայացրել է Հայաստանում 100 ՄՎ արհեստական բանականության (ԱԲ) տվյալների կենտրոն գործարկելու իր ծրագրերը, որը նորարարական գործընկերություն է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև՝ միտված հայ-ամերիկյան տնտեսական կապերի խթանմանը և տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի առաջատար տարածաշրջանային դիրքի ամրապնդմանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
«Հայ-ամերիկյան համագործակցության ու երկուստեք աճի հեռանկարն իրապես ոգևորիչ է»,- ասված է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Հայաստանում կկառուցվի AI գործարան՝ տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը: «Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժին՝ ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորություններ ստեղծող։ Firebird ընկերությունը, ՀՀ Կառավարությունն ու NVIDIA-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։ Նախագծի շրջանակում կիրականացվի 500 միլիոն դոլարի ներդրում, կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք, գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Firebird ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիգ Հովակիմյանին, NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին և Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանին:
Զրուցակիցները քննարկել էին Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր: