շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորները հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի եւ վերջինիս տեղակալ Յան Պլեշինգերի հետ:

Դեկտեմբերի 18-ին կայացած հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Վասիլիս Մարագոսը ներկայացրել է Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, բյուջետային աջակցության ծրագրերին համահունչ բարեփոխումները, ինչպես նաեւ գալիք տարվա համար նախանշված նախագծերը: Հայ խորհրդարանականներն իրենց հերթին արժեւորել են ՀՀ-ԵՄ համագործակցությունը, ընդգծել ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Հանձնաժողովն առաջիկայում այցեր է նախատեսում ՀՀ մարզեր՝ այդ ծրագրերի ընթացքին հետեւելու նպատակով:

Վասիլիս Մարագոսի գնահատմամբ ՀՀ-ԵՄ հարաբերությունների առավել խորացման առումով անցնող տարին հաջողված էր. բոլոր թիրախները հասցեագրվել են, գրանցվել են նոր ձեռքբերումներ, որոնցից մեկը Եվրոպական խաղաղության գործիքն է: Ընդգծվել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարեւորությունը Հայաստանում:

Անդրադարձ է եղել Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում տնտեսական, ճանապարհատրանսպորտային ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարներին, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին: Վասիլիս Մարագոսը ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը համարել է կարեւոր քայլ ՀՀ քաղաքացիների համար եւ կարեւորել այս հարցի հնարավորինս արագ կյանքի կոչումը:

  • Կիսվել: