շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Էթիկան անվտանգության էական բաղադրիչ է. Փաշինյան

Էթիկան անվտանգության էական բաղադրիչ է. Փաշինյան

Վերջերս համացանցում մի զրույց էի նայում եւ զրույցի մասնակից պրոֆեսորը «էթիկա» երեւույթի ընկալման հետաքրքիր դիտանկյուն առաջ քաշեց: Նա էթիկան դիտարկում էր որպես անվտանգության բաղադրիչ:  Այս մասին գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Ի՞նչ է բխում սրանից. որ էթիկայի պահպանումը անվտանգության ապահովման գործոն է, իսկ էթիկայի խախտումը սպառնալիքներ է գեներացնում: 

Եւ իսկապես: Եթե դու շփման մեջ եւ կյանքում էթիկական նորմեր չես պահպանում, դա առաջ է բերելու հակազդեցություն այն սուբյեկտի կողմից, ում նկատմամբ էթիկան խախտված է: 

Բերեմ կոնկրետ օրինակ. եթե դու խոսքով կամ գործով վիրավորում, վնասում ես մեկին, նա կարող է հակադարձել առնվազն վիրավորանքով, պատասխան վնաս հասցնելով եւ իրադարձությունների հետագա զարգացումը կարող է բերել ընդհուպ բռնության, ընդհուպ զոհերի եւ էական չէ, դու սպանողն ես, թե զոհը: Երկու դեպքում էլ քո կյանքը խաթարված է: 

Վերը նկարագրվածը, իհարկե, ծայրահեղ դեպքն է, որը բերում եմ որպես ամենասուր օրինակ: Ու տարբեր իրավիճակների հաշվառումով սա ճիշտ է թե անհատի, թե խմբի, թե հանրության, թե պետության դեպքում:

Հարգարժան պրոֆեսորը էթիկայի հստակ համակարգի բացակայությունը, կամ դրա չպահպանումը համարում էր ինքնաոչնչացման մեխանիզմի մաս, վերը հիշատակված նույն հիմնավորմամբ: Ու սա ճիշտ է թե անհատի, թե խմբի, թե հանրության, թե պետության դեպքում: Ընդ որում, բոլոր այս դեպքերը հավասարաբար վերաբերվում են թե արտաքին եւ թե ներքին հարաբերություններին: 

Սկսած ընտանիքից: Եթե արտամուսնական կապ ունես, դա գեներացնում է շատ կոնկրետ ռիսկեր, թե քո ընտանիքի ներսում, թե նրանից դուրս (խոսքն այս դեպքերում կարող է լինել առնվազն բարոյական ինքնաոչնչացման մասին): 

Եթե ներառված ես կոռուպցիայի մեջ, դա գեներացնում է ռիսկեր թե քո, թե քո ընտանիքի, թե քո միջավայրի, թե հանրության, թե պետության համար: 

Եթե հանրային մի խումբը իրեն սահմանափակված չի համարում էթիկայով, դա կարող է ներհանրային լարումներ գեներացնել: Նույն կերպ՝ կարող է առաջացնել արտաքին լարումներ: Եւ այսպես շարունակ: 

Հետեւաբար, համոզիչ է թվում, որ էթիկան անվտանգության էական բաղադրիչ է: 

Եթե մեր երկրում անհատական, խմբային, հանրային եւ պետական մակարդակում էթիկական հավասարակշռություններ չլինեն, դա էական արտաքին եւ ներքին ռիսկեր է գեներացնելու: Ավելի ճիշտ, այդ ռիսկերը գեներացված են վաղուց, եւ հարգարժան պրոֆեսորի բանաձեւի տրամաբանությամբ, ինքնաոչնչացման գործարկված մեխանիզմի մասին կարող են վկայել: 

Այս խնդրին, իհարկե, հնարավոր չէ բացարձակ լուծում տալ: Որեւէ բան փոխել հնարավոր չէ մեկ կամ մի քանի գրառումներով: Հարկավոր է նախ քննարկում ունենալ այս թեմայով, բանաձեւեր առաջ բերել: 

Այս պահին սա գրում եմ մեր հանրային, քաղաքական, պետական կյանքում այս օրակարգը ամրագրելու համար»,_գրել է նա:

  • Կիսվել: