Եթե ընդդիմադիրներն են կոչ անում ուժով բացել Լաչինի միջանցքը, ուրեմն դա չպետք է անել․ ՔՊ-ական
Եթե ընդդիմադիրներն են կոչ անում ուժով բացել Լաչինի միջանցքը, ուրեմն դա չպետք է անել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
«Ճանապարհները փակվում եւ բացվում են ոչ թե մարդկանց ֆիզիկական ներկայությամբ, այլ ուժերի քաղաքական հարաբերակցությամբ: Մեկ խոսքը կարող էր բավարար լինել այդ ճանապարհը բացելու համար, կամ մեկ լռությունը կարող է բավարար լինել ճանապարհը փակ պահելու համար: Այսինքն երբ քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվում է, ֆիզիկական ուժերի հարաբերակցությունն էլ է փոխվում»,-ասաց նա:
Նա չցանկացավ կանխատեսել, թե արդյոք Լաչինի միջանցքը կբացվի մինչեւ տարեվերջ. «Դրա հավանականությունը այս պահին կա, բայց կա նաեւ չբացվելու հավանականություն: Երկու դեպքում կարող է բացվել միջանցքը. Կամ երբ փակողների պահանջները իրականացվեն, կամ երբ փակողները տեսնեն, որ իրենց պահանջներն իրականացնել չի ստացվում եւ այլեւս անհնար է պահանջել դրանց իրականացում: Մենք երկրորդ տարբերակող պետք է առաջ շարժվենք, որովհետեւ առաջին տարբերակով մենք շարժվելու տեղ չունենք»,-ասաց Եղոյանը:
Նա հավելեց, որ Հայաստանը շարունակելու է իր ջանքերը, որպեսզի մեծանա միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա. «ՄԻջազգային հանրության խոսքն ունենում է ազդեցություն, այդ երկրները վարում են այնպիսի քաղաքականություն, որը համահունչ է այդ ելույթներին այս կամ այն չափով: Կրկնում եմ՝ երբ քաղաքական ուժերի հարաբերակցությունը փոխվի, այդ ժամանակ էլ իրավիճակը գետնի վրա կփոխվի:
Կարծում եմ՝ կա հավանականություն՝ հաշվի առնելով երեկվա ելույթների հարաբերակցությունը, որ ճանապարհը կբացվի: Կարեւորը, որ հարցը մտավ միջազգային օրակարգ, կարեւորը, որ այնտեղ հնչեցին ձեւակերպումներ, որոնք Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ցանկանա, որ հնչեին: Այդ մասին իրենք ասացին: Կարեւորը, որ հարցը միջազգայնացվեց եւ դա ինքնին արդեն իսկ գործիք է գետնի վրա իրավիճակը կամ լավացնելու կամ ավելի վատը չտանելու»,-ընդգծեց Եղոյանը:


