Ես եկել ու այստեղ նստել եմ, մարդկային խելքի բան չէ, սա միայն Աստված է արել. Ղուկասյանը պարբերաբար Աստվածաշնչից մեջբերումներ է անում
Մի րոպե չեմ կասկածում, ասեղի քթի չափ չեմ կասկածում, որ կա հարություն, որ կա Աստված, հիշե՛ք սա և այս ամեն ինչը, որ եղել է, որ ես եկել ու այստեղ նստել եմ, մարդկային խելքի բան չէ, սա միայն Աստված է արել: Այս մասին Գյումրու ավագանու նիստին երդմնակալությունից հետո իր ելույթի ժամանակ ասաց նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
«Ինձ այսօր մեղադրում են, թե ինչի համար ես տարածք տվել, որ մարդիկ իրենց համար բնակարան են կառուցել: Ինձնից առաջ Միքայել Վարդանյանի, Կառլեն Համբարձումյանի, Սամվել Բալասանյանի ժամանակ արված հողհատկացումների համար, դատախազությունը նորից ինձ է մեղադրում: Քաղաքական պատվերը սարսափելի երևում է, բայց ես, այս ամեն ինչը տեսնելով, եկել ու ստանձնել եմ, պիտի գնամ առաջ, որովհետև իմ տերս Աստված է»,- ասաց նա:
Ղուկասյանը նշեց, որ Բերձորի Սուրբ Հարություն եկեղեցու պատին գրված է՝ «Թաղեցյալ լինիմ, բայց ոչ խոնարհվիմ», արժանապատվությունը ոտնահարելով, մեզ խաղաղություն պետք չէ:
«Սրանք, որ գիշեր-ցերեկ խոսում են խաղաղություն, խաղաղություն, ով չի՞ ուզում խաղաղություն: Բայց այս ձևի խաղաղություն երբեք իմ տեսակը չի ուզում՝ գլուխը կախելով, թուրքին վիլաեթ դառնալով խաղաղություն չենք ուզում: Չեմ կարծում՝ հայոց ազգի մեջ 10-15 տոկոս նմանատիպ մարդիկ լինեն: Այո՛, կան, որ արյունը մոնղոլից ու թուրքից է սերված, կան այդպիսինները: Եթե այսօր որևիցե մեկն ուզենա, որ Հայաստանը դառնա թուրքական վիլաեթ, ուզենա, որ Հայոց Ցեղասպանությունը երկրորդական պլանների մեջ լինի, եթե որևիցե մեկն ուզենա Նոյ նահապետի Արարատ սարը հանել, դրանց արյունը պետք է ստուգվի անպայման, նա հայ տղա չի կարող լինել»,- ասաց նա:
Ելույթի ժամանակ Ղուկասյանը պարբերաբար Աստվածաշնչից մեջբերումներ էր անում, հերթական մեջբերման ժամանակ նշեց՝ խոտան են այն հոգիք, որ ընտրվին արծաթով:
«Ուրեմն 2006-ից բոլորիդ աչքի առջև է եղել, երբեք մեկը չի կարող ասել՝ ես փող եմ տվել ու ընտրվել եմ: Մի հատ մարդ չկա էս հայոց ազգի մեջ, բայց մենք տեսանք, թե ինչ է տեղի ունեցել: Գոնե գլուխները կախեն, ձայնները կտրեն, ամոթով մնան: Բոլորս տեսանք՝ ինչ է եղել, թե ինչ ձև են այդ ձայները կորզել: Ես գիտեի՝ 4,000 կեղծիք պետք է լինի դրսից բերած: Մտածել էի 82 տեղամաս կա, ամեն տեղ 50 հոգի պետք է ընտրեին դրսից եկածները: Սվաբոդկա թաղամասը մենք անգիր գիտենք, մարդիկ էին եկել, ասում էինք՝ ո՞վ են էս մարդիկ, խոսեցնում էինք, չէին խոսում, փախչում էին: Մի խոսքով 8,200 հոգի դրսից եկածներն են քվեարկել, այստեղ իրենց ձայները 2,000-2,500 հոգի է, թող լռվեն, ձեն չհանեն»,- ասաց նա: