ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Երկու երկրներում էլ սահմանային անցումները գործելու են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջության, իրավազորության շրջանակներում. Փաշինյանը՝ TRIPP-ի մասին

Երկու երկրներում էլ սահմանային անցումները գործելու են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջության, իրավազորության շրջանակներում. Փաշինյանը՝ TRIPP-ի մասին

Այն, ինչ տեղի ունեցավ օգոստոսի 8–ին, դա քաղաքական հռչակագիր էր, քաղաքական հանդիպում, քաղաքական բանակցություններ, բայց  ինչքան օգոստոսի 8–ից հեռանում ենք և ինչքան քաղաքական նպատակները իրագործվում են, այնքան տեղի է ունենում տրասֆորմացիա դեպի տնտեսություն։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում մենք տեսնում ենք, որ տնտեսությունը վազանցում է քաղաքականությանը։ Նույնն էլ այստեղ է։ Քաղաքական հռչակագիրը հրավիրում է տնտեսական ուշադրություն։ Երբ  տնտեսական հարաբերությունների տեսակարար կշիռը սկսում է ավելին լինել, քան քաղաքականինը, դա նշանակում է, որ քաղաքական հայտարարությունը հասել է իր նպատակին, իրագործվում է։

Մենք Վենսի հետ երեկ չխոսեցինք սահմանային վիճակի մասին, ռեգիոնալ լարվածության մասին, ինչը նշանակում է, որ օրակարգում չկա այդպիսի հարց։ Իհարկե, կան հետկոնֆլիկտային վիճակի հետ կապված հարցեր, որոնք բնականաբար քննարկվել են»,–նշեց նա։

Անդրադառնալով նրան, թե TRIPP ծրագրի շրջանակներում արդյոք ՀՀ քաղաքացիները և՞ս Ադրբեջանի տարածքով անցնելիս չեն հանդիպելու ադրբեջանցիների՝ Փաշինյանն ասաց. «Մենք TRIPP–ը պետք է ընկալենք որպես ներդրումային ծրագիր։ Դա օգոստոսի 8–ին էր քաղաքական հռչակագրի, հիմա այն վեր է ածվել ներդրումային ծրագրի, որտեղ ԱՄՆ–ն առաջնորդելու են այդ ներդրումային գործունեությունը։ Մենք Front Office և Back office–ը պետք է ընկալենք ներդրողի ցանկությունը և ձգտումը մատուցել հնարավորինս բարձրորակ և գրավիչ ծառայություններ, որ հնարավորինս շատ մարդ օգտվի դրանից։ Front Office–ում կարող է ընդհանրապես մարդ չլինել, այլ լինի ԱԲ, գերժամանակակից սարքավորումներ։

TRIPP–ը ներդրումային ծրագիր է, որ իրականացվում է ՀՀ–ում, Ադրբեջանում TRIPP չկա, հետևաբար՝ ես չեմ կարող ասել, թե այնտեղ ինչ է լինելու։ Ընդհանուր այն է, որ երկու երկրներում էլ սահմանային անցումները և այլն գործելու են երկրների օրենսդրությամբ, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում։ Փոխադարձության պայմաններում լինելու է տրանսպորտային կապուղիների, հաղորդակցության հասանելիություն։

Ըստ պայմանավորվածության՝ 50 տարուց հետո տոկոսների հարաբերակցությունը փոխվելու է, և Հայաստանի Հանրապետությունը ունենալու է արդեն 49 տոկոս։ Ինչու՞։ Որովհետև հաշվարկը այնպիսին է, որ ներդրո՞ւմ են, չէ, անում մարդիկ, խոսվում է միլիարդավոր ներդրումների մասին, այդ ներդրումները հետ պետք է գնվեն, և շահույթ էլ պետք է լինի։ Հիմա խնդիրը նրանում է, որ ցանկացած ներդրող, ընդ որում՝ բոլոր ներդրումային ծրագրերում՝ այդ թվում Հայաստանում, ուզում է ունենալ որոշակի երաշխիքներ, որ այդ փողերը հետ կբերի, որոշակի շահույթով, որովհետև հակառակ դեպքում ինչի՞ է բերում ներդրում, կտանի բանկում կդնի տոկոսով, և այդ գումարները հետ կստանա»:
 
Վարչապետի խոսքով՝ սկզբում քննարկումների առարկա է եղել TRIPP-ի գործողության ժամկետը, 99 տարի։
 
«Մտածում էինք, ասում էինք՝ բայց 99 տարի, որոշակի դիսկոմֆորտ ունեինք այս թվերի հետ, նաև թիմում, մեկ էլ մի X պահի արձանագրեցինք, ասացինք՝ բայց հլը եկեք մի հատ այլ դիտանկյունից նայենք այս հարցին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությունում 99 տարով, առնվազն 99 տարով, իրականացնում է ներդրումային ծրագիր։ Այսինքն՝ աշխարհի թիվ մեկ գերտերությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը 99 տարի որպես անկախ, ինքնիշխան պետություն գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ, և այդտեղ լինելու է նորմալ ներդրումային միջավայր։
 
Փնտրում եմ և չեմ տեսնում մեր վաղ պատմության մեջ որևէ մի ժամանակաշրջան, որտեղ մենք մեր առջև 99 տարվա հեռանկար ենք ունեցել, 99 տարվա պլան ենք ունեցել, և այդ 99 տարվա պլանը մենք գծագրել ենք, նախագծել ենք աշխարհի թիվ մեկ գերտերության հետ։ Ուզում եմ, որ մենք  այս պահը իրոք գնահատենք։ Եվ սա հաղորդակցվում և թղթակցվում է մեր պետականության հարատևության այն օրակարգի հետ, որը մենք որդեգրել ենք դեռևս 2018 թվականին»,- ընդգծեց վարչապետը։

  • Կիսվել: