Երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար խոչընդոտներ չկան. Էդմոն Մարուքյանի իրավական վերլուծությունը (տեսանյութ)
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար իրավական խոչընդոտներ չկան:
«Մի քանի հայտարարություն տեսա, այդ , որ այսօրվա Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարարվի և արտակարգ դրության իրավական ռեժիմ սկսի գործել, որը, կարծում եմ, արդեն անհրաժեշտություն է, որպեսզի մենք ավելի կազմակերպված լինենք եւ պետությունը կարողանա հատուկ միջոցներ ձեռնարկել։ Մենք ունենք արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք, որի համաձայն արտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է։ Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն ՀՀ Սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում և թվարկվում են՝ որոնք են այդ վտանգները, վերջում կա արտակարգ իրավիճակ։ Սահմանադրությամբ սահմանադրական կարգ է համարվում Սահմանադրության 1-ին գլխում ամրագրված արժեքները, որոնց համաձայն Հայաստանը սոցիալական, ժողովրդավարական, ինքնիշխան պետություն է, իսկ համաճարակը, եթե այս տեմպերով գնա, վտանգ է իրենից ներկայացնում ՀՀ-ին սոցիալական առումով: Ստեղծված է արտակարգ իրավիճակ, երբ պետությունը կարող է հայտարարել արտակարգ իրավիճակ», - իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Մարուքյանը՝ արձագանքելով իշխանական մի քանիպատգամավորների հայտարարություններին, թե հիմքեր չկան երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու համար։
Նրա պնդմամբ սահմանադրական կարգ հասկացությունը չպետք է մեկնաբանել քրեաիրավական տիրույթում: Նշենք, որ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի համաձայն, սահմանադրական կարգին սպառնալիք է ՀՀ Սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, ազգային ռասսայական հակամարտությունները, ահաբեկչությունները և այլն:
Մարուքյանը նաև նկատեց, որ արտակարգ դրություն հայտարարելը Կառավարության որոշելու տիրույթում է և եթե կառավարությունը արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագիծ ներկայացնի Ազգային ժողով, ապա իրենք կաջակցեն կառավարությանը: