հինգշաբթի, հունիս 5
5 / 6 / 2025
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած որոշ ձերբակալությունների հետ համակարծիք ենք, որոշները՝ խնդրահարույց են. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած որոշ ձերբակալությունների հետ համակարծիք ենք, որոշները՝ խնդրահարույց են. Հայկ Կոստանյան

Չկա շաբաթ, որ ձերբակալություններ չլինեն: Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը հետևյալն է, որ ցանկացած կոռուպցիոն դրսևորում իր արժանի պատասխանը պետք է ունենա: Կապ չունի, թե դա ինչ պաշտոնյայի կողմից է արվում՝ կլինի առաջատար մասնագե՞տ, վարչության պե՞տ, թե՞ այլ պաշտոնատար անձ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Բայց այս մասով, ըստ Հայկ Կոստանյանի, որոշ անհանգստություններ ունեն:

«Այստեղ մի հետաքրքիր բան կա: Բոլորի անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ մի դեպքում մարդը կալանավորվում է ինչ-որ մի միջնորդություն ենթադրյալ իրականացնելու համար, մյուս պաշտոնյան ձերբակալվում է նման միջնորդությունը մերժելու համար: Դրա համար մեզ համար կան այդ տեսանկյունից խնդրահարույց իրավիճակներ:

Մասնավորապես՝ կարող եմ շեշտել Արաբկիր վարչական շրջանի [ղեկավար]՝ պարոն Արամ Ազատյանի կալանավորման փաստը: Մարդը փաստացի 1 տարի շարունակ կալանավորված է, և եթե չեմ սխալվում՝ նաև իր փաստաբաններն այդ մասով տվյալ գործն ուղարկել են ՄԻԵԴ, այսինքն՝ Երևանի քաղաքապետարանն իր բոլոր աշխատակիցների ենթադրյալ մեղքերի մեջ որոշակի խնդիրներ է տեսնում: Օրինակ՝ վերջին երկու աշխատակիցները, որոնք ձերբակալվեցին (հասարակական կարգի ծառայության աշխատակիցները), որոշակի առումով ինֆորմացված լինելով դեպքի հանգամանքներից՝ մենք այդտեղ որևիցե խնդիր չենք տեսնում:

Խնդիր չենք տեսնում, որպես այդպիսին, նաև վերջերս ձերբակալված նախկին քաղաքաշինության և հողի վերահսկողութան աշխատակիցների մասով, որովհետև այդ մասով էլ առաջին հայացքից Երևանի քաղաքապետարանի կողմից որևիցե խնդրահարույց բան չկա: Նորից եմ ասում՝ հաշվի առնելով բոլորի անմեղության կանխավարկածը: Վերջերս նաև ձերբակալություն էր եղել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակցի կամ աշխատակիցների… Այսինքն՝ այս գործերի մասով դեպքեր կան, որ մենք միանշանակ համակարծիք ենք տեղի ունեցողի հետ, բայց որոշ դեպքերում էլ խնդրահարույց են մեզ համար»,- ասաց նա՝ հավելելով, որ ձերբակալվողների թվում կան և՛ գործող պաշտոնյաներ, և՛ նախկին պաշտոնյաներ:

Հայկ Կոստանյանը նաև նկատեց, որ եթե նմանատիպ օպերատիվ հետախուզական միջոցառումներ լինեն այլ կառույցներում և այն պարբերականությամբ, որ վերջին շրջանում եղել են Երևանի քաղաքապետարանում, այդ դեպքերում ևս «նոր վերնագրեր գրելու նյութեր» կլինեն:

«Այսինքն՝ մենք ուրախ կլինենք, որպեսզի այն օպերատիվ-հետախուզական միջոցառոմները, որ վերջին շրջանում ինտենսիվորեն տեղի են ունենում Երևանի քաղաքապետարանի շուրջ, տեսնենք նաև այլ կառույցներում»,- ասաց նա:

 

  • Կիսվել: