հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Երբեք լսե՞լ եք, որ ես օգտագործեմ «կոնտրոլի տակ» արտահայտությունը. Սերժ Սարգսյանը՝ Քոչարյանի հետ զրույցի մասին

Երբեք լսե՞լ եք, որ ես օգտագործեմ «կոնտրոլի տակ» արտահայտությունը. Սերժ Սարգսյանը՝ Քոչարյանի հետ զրույցի մասին

Ես ինչո՞ւ պետք է ենթադրություններ անեմ, թե մեկ այլ քաղաքական գործչի ասուլիսն ում համար էր, երեւի հանրության համար էր։ Այս մասին այսօր՝ մայիսի 21–ին, դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իր ասուլիսում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է նաեւ իրեն՝ նշելով, որ ինքը 2018–ի հեղափոխությունից առաջ զանգել է իրեն, եւ արդյոք ում համար էր այդ ասուլիսը։

«Ես ընդհանրապես հակված չեմ անձնական խոսակցությունները, զրույցները հրապարակայնացնել։ Զանգ եղել է, բայց դրանից առաջ էլ է զանգ եղել, դրանից առաջ էլ է թեմա եղել»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ տեւական ժամանակ ձեր հետ չի շփվել, Երրորդ նախագահն ասաց. «Կարծում եմ՝ ինքը նկատի ուներ այսօրվա պարագան, բայց 2018–ին այդպես չէր։ Համենայնդեպս, այդ մանրամասներն ի՞նչ հետաքրքիր է։ Մի բան հստակ կարող եմ ասել, որ ցանկացած մանրամասն, ցանկացած ձեզ հետաքրքրող փոքրիկ հարց ես կարող եմ բարձրաձայնել այն ժամանակ, երբ նպատակահարմար համարեմ։ Դուք 10-15 տարի հետեւել եք իմ լեքսիկոնին, երբեք լսե՞լ եք, որ ես օգտագործեմ «կոնտրոլի տակ» արտահայտությունը։ Ես չունեմ այդպիսի բառապաշար»։

Հիշեցնենք, որ իր ասուլիսում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր, որ 2018–ի իշխանափոխությունից օրեր ռաջ ինքը զանգահարել է Սերժ Սարգսյանին, հայտնել իր մտահոգությունները, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ ամեն ինչ իր կոնտրոլի տակ է։ «Դրանից 5-6 օր անց հրաժարական տվեց»,– հավելել էր Քոչարյանը։

Հիշեցնենք,  Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Նրան մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար դրանք էժան գնով է վաճառել:  Այսօր դատական նիստ է տեղի ունեցել:

  • Կիսվել: