ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Երբ 2020 թվականին հանձնվեց Շուշին, կանխորոշվեց պատերազմի ելքը. Բալայան

Երբ 2020 թվականին հանձնվեց Շուշին, կանխորոշվեց պատերազմի ելքը. Բալայան

Թեև մենք վերջին պատերազմում պարտվեցինք, անհաջողություն ու մեծ կորուստներ ունեցանք, այդ հերոսների կատարածը չի խունանում։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը։

«Այսօր էլ մենք պետք է երկրպագենք այդ մեր հերոսներին և ընդհանրապես սերունդների համար դաստիարակչական օրինակ պետք է հանդիսանա։ Մենք կարող ենք գլուխներս բարձր պահել, որովհետև այդ մարդիկ ապրեցին անանձնական կյանքով, ապրեցին հանուն երկրի, հանուն պետականության, հանուն հայության»,–ասաց նա։

«Անհնարին էր չազատագրել Շուշին և ունենալ հայկական Արցախ։ Դա կյանքն էլ ապացուցեց և վերջին զարգացումներն էլ ապացուցեցին, որ երբ 2020 թվականին հանձնվեց Շուշին, փաստորեն, ինչ-որ մի տեղ կանխորոշվեց  նաև պատերազմի հետագա ելքը։ Ես նկատի ունեմ 2023 թվականի իրադարձությունները։ Մենք Շուշիի կորուստով բացեցինք մեր անհաջողությունների դուռը»,–ասաց նա։

Հարցին՝ ինչպիսի՞ պայմաններ պետք է ստեղծվեն, որպեսզի հնարավոր լինի Շուշիի վերաազատագրումը, Բալայանը պատասխանեց. «Ամենամեծ գրավականը դրան պետք է լինի մեր համազգային միասնականությունը։ Սա անչափ կարևոր է։ Այսօր անընդհատ մեր ժողովրդին դրսից ներարկվում է սևեր–սպիտակներ, հներ–նորեր, արցախցիներ–հայաստանցիներ թեմաները։ Մեր ժողովրդին կարելի է միայն ու միայն հաղթել այդ բաժանումների միջոցով։

Պետք է ամենախիստ պատիժների ենթարկել այն մարդկանց, որոնք խաթարում են այդ միասնականությանը։ Ես երբեմն նայում եմ հեռուստատեսություն, նույնիսկ պատասխանատու մարդիկ են այդպիսի բաժանարար գծեր դնում, սա վտանգավոր է»։

  • Կիսվել: