Եկել էր ծանոթանալու ընտրությունների նախապատրաստման ընթացքին․ Վահագն Հովակիմյանը՝ Կոպիրկինի հետ իր հանդիպման մասին
Ռուսաստանի դեսպանը հանդիպման խնդրանքով դիմել էր մոտ երկու շաբաթ առաջ, այսինքն դա եղել է ավելի առաջ, քան ձեր նշած քաղաքական իրադարձությունները։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով նախօրեին ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ իր հանդիպմանը և այն փաստին, որ դա տեղի է ունեցել Փաշինյան–Պուտին հանդիպումից հետո, որտեղ ՌԴ նախագահը բարձրացրել է ռուսամետ թեկնածուների՝ ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալու հարցը։
«Ինքը եկել էր ծանոթանալու ընտրությունների նախապատրաստման ընթացքին, և նաև ՌԴ ԿԸՀ նախագահի հնարավոր այցի նախապատրաստմանը»,–ասաց նա։
Հարցին՝ Ռուսաստանից դիտորդներ լինելո՞ւ են, Հովակիմյանն ասաց. «ԱՊՀ միջխորհրդարանական դիտորդական առաքելություն լինելու է, մենք այսօր արդեն իրենց առաջին 14 հոգանոց կազմի համար վկայականները կազմել ենք, որպեսզի ԱԳՆ–ի միջոցով փոխանցվի ԱՊՀ-ում մեր գործընկերներին։
Ռուսաստանի ԿԸՀ-ից արդեն մեր հրավերով են ժամանում։ Իրենք երկու խողովակ ունեն դիտարկելու ընտրությունները, մի խողովակը ԱՊՀ գործընկերների հետ է, մյուսը արդեն անհատական մեր հրավերով։ Մենք բոլոր մեր գործընկեր երկրների ընտրական մարմինների ներկայացուցիչներին հրավիրում ենք։
ՌԴ ԿԸՀ նախագահ տիկին Պաֆիլովայի հետ մեր վերջին հանդպմանը ինքը ինձ հրավիրեց սեպտեմբերին կայանալիք իրենց խորհրդարանական ընտրություններին, ես իրեն հրավիրեցի հունիսի կայանալիք մեր խորհրդարանական ընտրություններին»։
Ճշտող հարցին, ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը չի՞ քննարկվել ռուսամետ ուժերի և անձանց ընտրություններին մասնակցելու հարցը, ԿԸՀ նախագահը պատասխանեց. «ԿԸՀ–ն ապաքաղաքական կառույց է, և ես ձեզ հավաստիացնում եմ, որ դեսպանները, միջազգային կառույցների մեր գործընկերները, երբ որ գալիս են, իրենք հարգում են մեր օրենսդրությունը։ Իրենք գիտեն ԿԸՀ–ի ապաքաղաքական, չեզոք լինելը և երբեք իրենց խոսքում, գործողություններում չեն անում մի բան, որը կարող է մեր մանդատից դուրս լինել։
ԿԸՀ–ում հանդիպման են եկել նաև Էստոնիայի դեսպանը, Լիտվայի, Ղազախստանի դեսպանները։ Քանի որ դեսպանները իրենք պատրաստվում են առաջիկա ընտրություններում նաև դիտորդություն իրականացնել, նրանք պարբերաբար այցելում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, նաև իրենց միջոցով մենք մեր հարաբերություններն ենք պահպանում տվյալ երկրի գործընկեր ընտրական մարմինների հետ»,– ընդգծեց Վահագն Հովակիմյանը։


