երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Եկեղեցի–իշխանություն վեճը նոր չի սկսվել. Խանդանյանը հիշեցրեց Վահագն Խաչատուրյանի երդմնակալությանը Կաթողիկոսի ելույթը

Եկեղեցի–իշխանություն վեճը նոր չի սկսվել. Խանդանյանը հիշեցրեց Վահագն Խաչատուրյանի երդմնակալությանը Կաթողիկոսի ելույթը

Եկեղեցի–իշխանություն վեճը չի սկսվել այս օրերին, այդ վեճը սկսվել է բավականին վաղուց։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Եթե ձեզ թվում է՝ ես պիտի խոսեմ Բագրատ Գալստանյանի սկսած շարժման մասին, ոչ, դրանից էլ ավելի վաղ է սկսվել եկեղեցու սկսած հակամարտությունը պետության դեմ։ Ես շատ լավ հիշում եմ, օրինակ, 2022 թվականին, երբ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողություն էր, և քաղաքական իշխանությունը ներկա չէր այդ Ազգային ժողովի հատուկ նիստին, բայց ներկա էր ամենայն հայոց կաթողիկոսը։ Ես ձեզ առաջարկում եմ գնալ և լսել Ամենայն Հայոց կաթողիկոսի ելույթը, դա ընդդիմադիր քաղաքական գործչի ելույթ էր և ակնհայտ էր, որ եկեղեցին առնվազն քաղաքական իշխանության, բայց ես նաև կպնդեմ, որ պետության դեմ բավականին վաղուց պայքար է սկսել»,–ասաց նա։

Հարցին՝ դուք ուզում եք, որ Եկեղեցին լռությո՞ւն պահպանի, որ չհեռացնեք կաթողիկոսին, Խանդանյանը պատասխանեց. «բնավ ոչ, բայց նաև եկեղեցին պետք է մնա իր լիազորությունների, իրավունքների, խնդիրների շրջանակներում։ Ակնհայտ է, որ այդ շրջանակներից դուրս է եկել և ընդդիմադիր քաղաքական, կուսակցական գործունեություն է սկսել»։

Հակադարձմանը, որ իշխանություններն էլ կուսակրոնության հարցերն են օրակարգ բերել, Խանդանյանն ասաց. «Մենք բերել ենք օրակարգ հարց, որ յուրաքանչյուր ինստիտուտ, որը կա Հայաստանում, պետք է լինի իր լիազորությունների սահմաններում և նաև այնպիսի ինստիտուտներ, որոնք առնչվում են բազմաթիվ ՀՀ քաղաքացիների հետ, այդ թվում հայ առաքելական եկեղեցին, պետք է իր կանոնադրությանը, իր այլ կանոններին հետևի։ Ակնհայտ է, որ եկեղեցին չի հետևում այդ կանոններին։

ՀՀ քաղաքական իշխանությունը, որը հոգ է տանում հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար, ցանկանում է, որ հայ առաքելական եկեղեցին լինի որպես հոգևոր կրոնական կառույց, պետք է լինի ուժեղ, և մեր նպատակը ուժեղացումն է, ուժեղացնել։

Ամենայն հայոց կաթողիկոսի կուսակրոնության ուխտի խախտման վերաբերյալ հնչել է հանրային հարցադրում։ Այդ հարցադրմանը եկեղեցին մինչև այս պահը չի պատասխանել և ես շարունակում եմ այդ հարցադրումը՝ արդյո՞ք ամենայն հայրենի կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և ես ակնկալում եմ որպես հարցեր տալու ամենալեգիտիմ ինստիտուտ, մամուլ, չորրորդ իշխանություն, այդ հարցը դուք ևս ուղղեք եկեղեցուն։ Եթե պատասխան եթե ունենաք պատասխան եկեղեցուց, այդ ժամանակ արդեն կքննարկենք մնացյալը»։

Դիտարկմանը, որ Եկեղեցին լայն աջակցություն ունի թե Հայաստանում, թե դրսում, այդ պարագայում  ինչպես են պատրաստվում հեռացնել կաթողիկոսին, ՔՊ–ական պատգամավորը նկատեց. «Ես կարծում եմ, որ հանրությունը ևս շատ հստակ դիրքորոշումներ ունի եկեղեցու որոշ սպասավորների, այդ թվում կաթողիկոսի վերաբերյալ։ Ես այդ հստակ դիրքորոշումը և վերաբերմունքը լայն աջակցություն չէի անվանի։ Եթե լայն աջակցություն վայելեին, անցած տարվա այդ այսպես կոչված սրբազան շարժումը այլ ելք կունենար, որը լայնորեն աջակցություն էր վայելում եկեղեցու կողմից»։

  • Կիսվել: