Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է մի շարք նավթավերամշակման գործարանների աշխատանքի վերսկսման և պաշտպանության ուժեղացման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Մեր գործարաններից մի քանիսը տեխնիկական սպասարկումից հետո վերսկսել են աշխատանքը…. Մեր գործարանները պաշտպանված են, և մենք ուժեղացնում ենք այդ պաշտպանությունը», – ասել է նա։
Նրա խոսքով՝ տեղական ընկերությունները հետաքրքրված են այդ օբյեկտները ծածկելու համար նախատեսված կառույցներով. նման նախագծեր ներկայացվել են «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջոցառման ընթացքում, և դրանցից մի քանիսն արդեն գործնականում կիրառվում են։
Նովակը նաև ընդգծել է, որ վերջին շրջանում վառելիքի շուկայում իրավիճակը կարգավորվել է։
«Այսօր այն զգալիորեն ավելի լավ է, քան մեկ ամիս կամ նույնիսկ երկու շաբաթ առաջ էր», – նշել է նա։
Հոկտեմբերի սկզբին ՌԴ փոխվարչապետը հայտնել էր, որ իշխանություններին հաջողվել է մեղմել նավթավերամշակման գործարանների վրա անօդաչու թռչող սարքերի պարբերական հարձակումների հասցրած վնասը։
Ռուսաստանում վառելիքի մատակարարման խափանումները սկսվել էին ամռանը՝ նավթավերամշակման գործարաններին ուկրաինական հարվածների ուժեղացման ֆոնին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այդ դժվարությունները որակել էր որպես ժամանակավոր և դրանք կապել Կիևի կողմից լարված իրավիճակ ստեղծելու փորձերի հետ։ ՌԴ նախագահը հանձնարարել էր հնարավորինս արագ հնարավորություն ընձեռել փոքր և միջին բիզնեսին՝ զբաղվելու նավթամթերքի արտադրությամբ։
Իրավիճակը բարելավելու նպատակով ՌԴ կառավարությունն արգելել էր բենզինի և դիզելային վառելիքի արտահանումը, ինչպես նաև սահմանել էր հարկային արտոնություններ՝ վառելիքի ներկրումը խթանելու և ներքին արտադրությունն ավելացնելու համար։



