շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Եղեգնաձորի մշակույթի տունը չի ֆինանսավորվի. Դանիելյանի «պահանջները չեն բավարարվել». «Ժողովուրդ»

Եղեգնաձորի մշակույթի տունը չի ֆինանսավորվի. Դանիելյանի «պահանջները չեն բավարարվել». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանկարծակի որոշել է դադարեցնել Եղեգնաձորի մշակույթի տան ֆինանսավորումը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ մշակույթի տան տնօրինությունը անակնկալ որոշումից հայտնվել է լուրջ դժվարությունների առաջ:

«Ժողովուրդ»-ը հարցում էր ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն պարզելու համար, թե որն է նախարարության այդ անակնկալ որոշման պատճառը: Մեր հարցերին պատասխանել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանն ու հայտնել, թե «ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «Մարզերի մշակութային զարգացման ծրագրի» ֆինանսավորումը տրամադրվում է, ոչ թե նշյալ ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերը հոգալու, այլ մշակութային միջոցառումների իրականացման նպատակով: Նշյալ ծրագրի` 2025 թվականի պետական բյուջեում ֆինանսավորում չնախատեսելու հանգամանքը պայմանավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարարության ՀՀ մարզերում մշակութային քաղաքականության արդյունավետության ապահովմամբ, որի հիմքում ընկած են նախարարության անցկացրած մոնիթորինգի արդյունքները, որոնք բավարար չեն եղել:

Միեւնույն ժամանակ տեղեկացնուծ ենք, որ ՀՀ մարզերում մշակութային միջոցառումներ իրականացնելու նպատակով 2025 թվականին առաջին անգամ «Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում» դրամաշնորհի հատկացման մրցույթ է իրականացվել, եւ մարզային կազմակերպություններն այսուհետեւ կարող են ֆինանսավորում ստանալ` մասնակցելով դրամաշնորհային մրցույթի», – հայտնել է Դանիելյանը: Այսինքն՝ մշակութային ծրագրերում, բոլոր ասպարեզներում Դանիելյանը փայլուն արդյունքներ է գրանցել, ու միայն Եղեգնաձորի մշակույթի տունը չի կարողացել Դանիելյանի պահանջները բավարարել ու հայտնվել է նման խայտառակ վիճակում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: