չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Դժբախտաբար, այաօր Թուրքիան հայերի կողմից դեռ ընկալվում է որպես անվտանգության համար հնարավոր սպառնալիք. Փաշինյան

Դժբախտաբար, այաօր Թուրքիան հայերի կողմից դեռ ընկալվում է որպես անվտանգության համար հնարավոր սպառնալիք. Փաշինյան

Իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծապես կարևորել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

Ըստ վարչապետի՝ այն կօգնի կանխել հնարավոր հետագա ցեղասպանությունները: «Ավելին, նման որոշումները փոխում են մթնոլորտը մեր տարածաշրջանում: Դրանք ուղերձներ են առ այն, որ նման ագրեսիվ քաղաքականությունը չի ընդունվելու միջազգային հանրության կողմից: Դժբախտաբար, Ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Թուրքիան հայերի կողմից դեռևս ընկալվում է որպես մեր անվտանգության համար հնարավոր սպառնալիք: Մոտ 30 տարի է արդեն, ինչ մեր սահմանը փակ է՝ թուրքական կողմից, ոչ թե մեր կողմից: Հայկական կողմից այն բաց է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձել է նաև այն հարցին, թե կվերսկսե՞ր արդյոք դիվանագիտական հարաբերություններն Անկարայի հետ: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մենք ասել ենք, և ես կրկնում եմ, որ պատրաստ ենք վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մենք չենք համարում Թուրքիայի հետ մեր հարաբերությունների համար նախապայման: Այդ ճանաչումը շատ կարևոր գործընթաց է, որն անհրաժեշտ է ոչ թե իրենց հետ մեր հարաբերությունների համար, այլ, ինչպես ասացի, ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման համար»:

Թերթն ընդգծել է այսօր աշխարհում առկա հակասեմիտիզմի, ատելության բազմապիսի դրսևորումները, ինչպես նաև՝ բռնությունների ու ճնշումների առատությունը, և այս համատեքստում հարց ուղղել «Ցեղասպանություն տեսած ու սփյուռք ունեցող երկրի ղեկավարին», թե կա՞ այնպիսի մի բան, որը մենք պիտի գիտակցենք և որը բավարար չափով հաշվի չենք առնում:

Դիտարկմանն ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Երբեմն, ցավոք, մենք շատ ուշ ենք տարբերում իրավիճակները՝ այն ժամանակ, երբ ինչ-որ բան արդեն դուրս է գալիս վերահսկողությունից: Իմ երախտիքն եմ հայտնում Իտալիայի Պատգամավորների պալատին` Հայոց ցեղասպանությունը որպես այդպիսին ճանաչելու համար: Մենք աշխատում ենք մեր օտարերկրյա գործընկերների հետ նման ճանաչումներ հնարավորինս շատ ունենալու և համաշխարհային ճանաչման հասնելու համար: Բայց ես Ձեր հարցին կպատասխանեի՝ կապելով այն մեր ներկայիս իրավիճակի հետ: Դուք նշեցիք Ֆրանսիայում և այլուր հակասեմիտիզմի մասին. այժմ Եվրոպան այն գիտակցում է: Սակայն մեր տարածաշրջանում, օրինակ՝ Ադրբեջանում, լայնորեն տարածված է հայատյացության երևույթը: Եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին»:

Փաշինյանն իր միտքը պարզաբանել է՝ օրինակ բերելով ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի Լիգայի եզրափակչին մասնակցել չկարողանալու փաստը, ինչպես նաև՝ այլ միջադեպեր:

«Օրինակ՝ Եվրոպայի Լիգայի եզրափակչին, որը տեղի ունեցավ անցյալ տարի գարնանը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, այն ժամանակ «Արսենալի», իսկ ներկայումս «Ռոմա» ակումբի խաղացող Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ մասնակցել: Ինչո՞ւ: Որովհետև նրա հայկական ազգանունը մեծ խնդիր է Ադրբեջանում: Նրա ազգանունով վերնաշապիկներ հագած եվրոպացի երկրպագուները կանգնեցվել են ոստիկանության կողմից: Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի քաղաքացի մի վարորդ ձերբակալվել է միայն այն բանի համար, որ լսում էր հայ երաժշտի ստեղծագործություն հանդիսացող մի երգ: Իսկ անցյալ տարի մենք ունեցել ենք դեպքեր, երբ Ամերիկայի, Ռուսաստանի, Թուրքիայի քաղաքացներ հանդիսացող անձանց թույլ չի տրվել մուտք գործել Ադրբեջան, քանի որ նրանց ազգանունները նման էին հայկական ազգանունների: Ինչպե՞ս է այս իրավիճակը առնչվում Ադրբեջանի կառավարության պաշտոնական քաղաքականության հետ», ամփոփել է ՀՀ վարչապետը:

  • Կիսվել: