Դուք Իրական Հայաստանը լցրել եք ձեր գրպանները, Պատմական Հայաստանը՝ վաճառել հայ ժողովրդին. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Ցավոք սրտի, ընդդիմությունը հերթական անգամ լքեց դահլիճը և չի մասնակցում քննարկմանը, այդ թվում՝ վարչապետի եզրափակիչ ելույթին: ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին փաստաթղթի քննարկման ընթացքում հայտարարեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ իր ելույթում անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին ու պնդումներին:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանի ելույթին, Կոնջորյանը նշեց՝ նա սխալ է հասկացել իր երեկվա ելույթը:
«Ես չեմ ասել՝ դուք «Ժիգուլի» եք քշում, պարո՛ն Օհանյան, ես ասել եմ՝ դո՛ւք «Ժիգուլի» եք, և բացատրել եմ՝ ինչ նկատի ունեմ: Ես ասում էի՝ քանի որ դուք ծաղրում եք անընդհատ կրթվելու մեր հայտարարություններն ու փորձառությունը, դուք հանդես եք գալիս Դանինգ Կրյուգերի էֆեկտի տրամաբանությամբ, համաձայն որի՝ տգետները միշտ ինքնավստահ են, իսկ խելոքները կասկածում են, որովհետև տգետները նաև չգիտեն, որ իրենք տգետ են: Հետևաբար, դուք ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք: Լավ կլիներ, որ գոնե Ժիգուլի քշած լինեիք»,- ասաց Կոնջորյանը:
Նա շնորհակալություն հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին՝ նկատելով՝ նա հաստատում է իր երեկվա ասածը:
«Եկավ և ինչ ասաց: Ասաց՝ մեզ կարող են կրթել միայն Մաշտոցը, Կորյունն ու Թումանյանը: Այսինքն՝ ի՞նչ է ասում: Պրակտիկորեն ասում է՝ մեզ ոչ ոք չի կարող կրթել, որովհետև Մաշտոցը, Կորյունն ու Թումանյանը ինչքան հնարավոր էր կրթել, արդեն կրթել են: Լավ, էս գլոբուսի վրա մի կենդանի մարդ չկա՞, որ ձեզ կարող է կրթել, որ հետո ստուգի՝ կրթվեցի՞ք, թե՞ չկրթվեցիք: Այսինքն՝ նա այնպիսի մի անպարտելի նշաձող է սահմանում, որ որևէ մեկը չի կարող ստուգել իր կրթությունը: Դրա համար ինքը ի սկզբանե կատարյալ է արդեն, սովորելու տեղ չկա, քաղաքական դինոզավր որ ասում ենք, նեղանում են»,- ասաց Կոնջորյանը:
Նրա խոսքով՝ կրթության մասին իրենց ծաղրուծանակով և պահվածքով ընդդիմությունը ապացուցում է, որ ընդդիմադիր դաշտը հասել է իր ինտելեկտուալ կլիմաքսին:
Կոնջորյանը նկատեց՝ Հայաստանում փոխվել է այն, որ իշխանությունն ունի ինքնահայեցման ունակություն:
Նա անդրադարձավ նաև Իրական և Պատմական Հայաստանի բանավեճին, որը ծավալվել է այս քննարկումների կոնտեքստում:
«Ուզում եմ ասել հետևյալը. հարգելի՛ գործընկերներ, այնպես չէ, որ Իրական Հայաստանը ձեր կառավարման ժամանակ չի եղել, ուղղակի դուք Իրական Հայաստանը լցրել եք ձեր գրպանները, Պատմական Հայաստանը՝ վաճառել հայ ժողովրդին»,- նշեց նա՝ ասվածը բացատրելով Արարատի և Արագածի խոսույթի օրինակով:
«Ո՞րն է, ի վերջո, ձեր պրոբլեմը Արագած սարի հետ: Որովհետև դուք չեք կարող Արագածը մոնետիզացնել, Արագածից փող քաշել, իսկ Արարատը դուք մոնետիզացրել եք, կորուսյալ հայրենիքի գաղափարը տարել եք Սփյուռք՝ ցեղասպանության զոհերի ժառանգների մոտ, և փող եք հավաքել կորուսյալ հայրենիքը վերադարձնելու երազանքով: Նույն այդ մարդկանց չեք կարող Արագած սարը տանել, վաճառել կորուսյալ հայրենիքի երազանքով»,- հայտարարեց պատգամավորը: