ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Դուք չեք ուզում, որ մենք ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Արսեն Թորոսյանը՝ ընդդիմությանը

Դուք չեք ուզում, որ մենք ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Արսեն Թորոսյանը՝ ընդդիմությանը

Մեր ժողովուրդը պետք է հասկանա՝ ինչ է ուզում անել ընդդիմությունը՝ ի դեմս ԱԺ երկու խմբակցությունների: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ընդդիմության քննադատություններին: 

Նրա խոսքով՝ ընդդիմությունը ցանկանում է իրենց ներքաշել այն բանավեճի մեջ, թե «ով է ավելի շատ թուրք»:

Ըստ Թորոսյանի՝ իրականում շատ դժվար է դիմանալ գայթակղությանը և չներքաշվել այդ բանավեճի մեջ, սակայն պետք է դրսևորել քաղաքական հասունություն:

«Չպետք է մտնել այդ բանավեճի մեջ, հարգելի՛ գործընկերներ և սիրելի՛ ժողովուրդ, որովհետև այդ բանավեճն է, որ մեզ կործանել է միշտ»,- հայտարարեց նա:

Վերլուծելով ընդդիմության գործողությունները՝ Թորոսյանը նկատեց՝ ընդդիմությունը ցանկանում է, որ մենք չունենանք անկախություն կամ լինենք հնարավորինս կախված ինչ-որ մի պետությունից, չեն ցանկանում, որ Հայաստանն ունենա սահման:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի քննադատություններին, թե ՔՊ-ն է վարչությունով որոշել Հայաստանի սահմանը, հակադարձեց՝ նշելով, թե իրենք չեն որոշել ու չեն էլ ուզում որոշել:

«ՀՀ պետական սահմանը որոշվել է Հայաստանի Հանրապետությունը անկախանալիս, որին դուք դեմ եք եղել և մինչև հիմա դեմ եք: ՀՀ սահմանը Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վարչական սահմանն է: Ուզեք թե չուզեք, դա է ՀՀ-ի սահմանը, և մենք, այո՛, գնալու ենք և սահմանազատելու ենք այդ սահմանը մինչև վերջ, ինչպես սկսել ենք: Դուք չեք ուզում, որ մենք ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը:

Ինչպես իմ գործընկերները նշեցին, դա ամենալուրջ ձեռքբերումն է եղել 2024-ին»,- ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, թե կորցնելու ենք Սյունիքը, նկատեց՝ եթե չափեն, թե ովքեր են Ալիևի կամ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունները մեջբերել ամենից շատ, հաղթելու է «Հայաստան» դաշինքը:

Նա մեղադրեց ընդդիմությանը Ալիևի նարատիվները Հայաստանում տարածելու համար:

«Ո՞վ է ուզում, որ Սյունիքը կորի: Նա, ով խոսում է Սյունիքի կորստի մասին: Ո՞վ է ուզում, որ լինի Արևմտյան Ադրբեջան. ով խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին: Մեր ժողովուրդը շատ լավ գիտակցում է այս ամենը»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը:

  • Կիսվել: