Դիմադրության շարժմամբ թույլ չտվեցինք ժամանակից շուտ մտնել կեղծ խաղաղության օրակարգի մեջ, բարձրացրինք պայքարի ոգին․ Սեյրան Օհանյան
Անկախության տարիների ընթացքում մի ամբողջ բանակցային ներուժ է ձեռք բերվել, որի կենտրոնում Արցախի անկախությունն է եղել, որքան էլ այսօր իշխանությունները փորձեն քննադատել։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այս պատերազմում ունեցած պարտության հիմնական պատճառն այն է եղել, որ բանակցային գործընթացը տապալվեց, երկիրը մտավ պատերազմի մեջ, պատերազմի ընթացքում ոչինչ չարվեց պետությունը ռազմական ռելսերի վրա դնելու համար, այս ամենի հիմնական պատասխանատուն իշխանություններն են»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե ինչու Արցախի շրջափակման 4 ամիսների ընթացքում ընդդիմության կողմից փողոցային պայքար չի եղել, Օհանյանն ասաց․
«Անցած տարի մենք Դիմադրության շարժմամբ փորձեցինք գեներացնել այն պայքարի ոգին, որը պետք է կարողանանք համախմբված կերպով տանել առաջ ու պաշտպանենք մեր ինքնությունը, Հայաստանի անկախությունն ու թույլ չտանք Արցախի հայաթափումը։ Մեր աշխատանքում կարծում եմ ունեցել ենք և դրական արդյունք, և նաև թերություններ։ Դրականը եղել է այն, որ մեր համակիրների, հայրենակիցների շրջանում բարձրացրել ենք պայքարի ոգին։ Ցույց տվեցինք, որ ունակ ենք համախմբվել, թույլ չտվեցինք, որ ժամանակից շուտ չմտնենք կեղծ խաղաղության օրակարգի մեջ։ Կարող եմ որպես թերություն նշել այն, որ տարբեր կազմակերպչական հարցերի պատճառով չկարողացանք ժողովրդին ամբողջությամբ ոտքի հանել»։
Խոսելով իշխանության որդեգրած այն թեզի մասին, ըստ որի՝ խաղաղությունը կարող է լինել անվտանգության երաշխավոր, Օհանյանն ասաց․
«Ով երբևէ առնչվել է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, գիտի, որ հայկական կողմի պարտված լինելու պարագայում անընդհատ շարունակվելու են ճնշումները և որևէ խաղաղ վիճակ չի կարող լինել։ Հենց այնպես խաղաղություն չի լինում, խաղաղությունը չի կարող լինել ազգային անվտանգության հինարար արժեք, տարբեր երաշխքների համադրման արդյունքում է ձևավորվում խաղաղությունը, իսկ երաշխիքները բանակն է, համախմբվածությունն ու խելացի բանակցային մարտավարական քայլերը»։


