«Դե կտենա՛ս, որ ներողություն կխնդրես, շառ անող են ՔՊ-ականները». Ընդդիմադիր ավագանու անդամը՝ ՔՊ-ականին
Նախորդ նիստում ասում էր, դուք ընտրակաշառք բաժանող եք. մի քիչ առաջ ինձ մոտենում է ինքը՝ Միքայել Խաչատրյանն՝ ասում է, թե այդպիսի բան չի հիշում, իրեն չի ասել։ Էս էլ տեսագրությունով ապացուցում եմ, որ ՔՊ-ն սուտ ու շառ է արել իմ վրա։ Այս մասին այսօր՝ հունիսի 24–ին, Երևանի քաղաքապետարանի միջանցքում ՔՊ-ական ավագանու անդամ Միքայել Խաչատրյանի հետ զրուցելուց հետո ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։
Վերջինս ՔՊ-ական ավագանու անդամին հորդորեց հերքել ասածը և ներողություն խնդրել, հակառակ դեպքում իրենց զրպարտիչ կորակավորի։
«Ես էլ հիմա ասում եմ, կամ դուք բանսարկու եք, կամ զրպարտիչ եք, կամ հանցագործություն թաքցնող եք։ Կպիտակավորեմ, եթե այսօրվա ընթացքում հանրայնորեն ներողություն չխնդրի»,-ասաց Արշակ Սարգսյանը։
Ավագանու ընդդիմադիր անդամը չբացառեց, որ կփորձի նաև իրավական ճանապարհով գնա։
Դիտարկմանը, թե նա ամբողջ «Մայր Հայաստան» խմբակցությանն է պիտակավորել, Արշակ Սարգսյանն ասաց. «Գլուխը պատով տվեց ամբողջ խմբակցությունը։ Ես էլ ասում եմ, որ եթե ՔՊ-ն չընդունի իր վարքագիծը, ասում եմ, որ իրենք շառ անող, սուտ տարածող մարդիկ են։ Ես ապացուցել եմ դա, նաև ելույթումս էլ ասացի՝ դուք ստախոս եք»,-ասաց ավագանու անդամը։
Նրա խոսքով՝ ՔՊ-ականները տեսնում են որ չեն կարողանում անհատապես ընդդիմադիր ավագանու անդամին պիտակ կպցնեն՝ թիմային են դիտարկում;
«Այսօր ես ժամանակ եմ տալիս պարոն Խաչատրյանին, կարող է մի քիչ տաքացել է, կամ չի էլ պատկերացրել, որ ՔՊ-ականի սուտը հնարավոր է վերջապես բռնենք»,-ասաց Սարգսյանը։
Նա նաեւ դիմեց Միքայել Խաչատրյանին՝ ասելով. «Դե կտենաս, որ կխնդրես ներողություն, եթե ոչ, ես իմ պիտակները ամեն օր կասեմ՝ ստախոս, բանսարկու կամ էլ հանցագործություն թաքցնող»։