երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպաններին

Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպաններին

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ մերժեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդությունը՝ ինքնաբացարկ հայտնելու մասին:

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանում քննության առարկա է դարձել երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի գործով բոլոր նյութերը տրամադրելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը:

Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Վարդևանյանը նախորդ նիստերից մեկում ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Ներկայացված հիմքերից մեկն այն էր, որ Դանիելյանը չի կարող այս գործով անաչառ որոշում կայացնել: Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորին հիշեցրել էին այն դատական նիստը, որի ժամանակ նա թույլ չի տվել ելույթ ունենալ Ռոբերտ Քոչարյանին ու նրա փաստաբանական թիմի անդամներին:

«Արդեն իսկ դատավորը իր գործողություններով ցուցաբերել է իր հակակրանքը, թույլ է տվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության իրավունքի խախտում, և այդ խախտումների այս պահի քննարկման փուլում չի կարող անաչառ քննություն իրականացնել Ռոբերտ Քոչարյանի իրավունքի խախտմանը վերաբերող գործի քննության ընթացքում», հայտարարել էին փաստաբանները:

Դատախազական կողմը առարկել էր դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության դեմ՝ այն որակելով հիմնազուրկ:

  • Կիսվել: