Դադարեցրեք խեղկատակությունը, Քոչարյանի կալանքը քաղաքական վենդետա է. Ռուբեն Հակոբյան
Իշխանությունները ընդդիմադիր պոպուլիզմը մտցրել են քաղաքական բառապաշար: Այս մասին «Վերնատուն» ակումբի նիստում նշեց «Ակունք» վերլուծական կենտրոնի ղեկավար, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով` դեռ հստակ չէ, այն, ինչ տեղի ունեցավ 1,5 տարի առաջ հեղափոխությո՞ւն էր, թե՞ արտասահմանյան ինչ-ինչ գրասենյակներում գրված սցենարի կյանքի կոչում:
«250-300 հոգի կարողացան գրավել պահպանվող օբյեկտը՝ Ռադիոտունը: Հրեցին զինված պահակին, կոտրեցին դուռը և ուղիղ եթեր պահանջեցին: Դեռևս պատասխան չկա, թե սա ինչ էր, ուստի ցանկացած վերլուծություն գոյության իրավունք ունի»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:
Նա անդրադարձավ նաև այս համատեքստում Արցախի խնդրին. «Արցախի հարցը փակուղի է մտել: Կարևոր չէ, թե իշխանությունները ինչ ներբողներ են երգում: Փաստն այն է, որ հարցը փակուղում է»:
Ռուբեն Հակոբյանի կարծիքով, վարչապետի` «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը նույնպես թելադրված էր պոպուլիստական նկատառումներով:
Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, Ռուբեն Հակոբյանն ընդգծեց. «Հայաստանի ողնաշարը կոտրվել է 1995-96 թվականների ընտրություններով, երբ ժողովրդին ձայնի իրավունքից զրկեցին: Նրանք, ովքեր ահաբեկել են ժողովրդին, դարձել են դրության տերը»:
Հոկոբյանը շեշտեց. «Նիկոլ Փաշինյանն ամբողջ համակարգը գերի է վերցրել: Երկրում կան քաղբանտարկյալներ՝ Նարեկ Մութաֆյանը, Սարգիս Օհանջանյանը: Կա քաղաքական պատանդ՝ հանրապետության երկրորդ նախագահը»:
Ռուբեն Հակոբյանի խոսքով` Ռոբերտ Քոչարյանին կալանքը վրեժխնդրության դրսևորում է. «Եթե պետք է, դատապարտեք, սակայն դադարեցրեք խեղկատակությունը: Իրավական ծաղրանկարը հարված է հասցնում պետությանը: Դա քաղաքական վենդետա է»: