Դա կօգնի նաև ՀՀ-ի անդամակցությանը ԵՄ-ին. Դիմիտրիուն՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին
Մենք սատարում ենք երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը դիվանագիտության շրջանակներում: Այդ մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն:
«Տեսել եմ շատ փորձեր, ջանքեր, որոնք այդ ուղղությամբ արձանագրվում են, բայց հուսով եմ՝ ինչ ստորագրվի, նաև կյանքի կկոչվի,- ասաց նա և հույս հայտնեց, որ հնարավորինս շուտ կարձանագրվի այդ համաձայնությունը և կլինի հօգուտ երկու երկրի:
Ըստ Անիտա Դիմիտրիուի՝ դա կօգնի նաև ՀՀ-ի անդամակցությանը ԵՄ-ին:
«Երբ կա խաղաղություն, յուրաքանչյուր երկիր ծաղկում, զարգանում է: Դա հարկավոր է ամբողջ տարածաշրջանին: Դա հարկավոր է նաև Կիպրոսին: Ինչպես գիտեք՝ Կիպրոսն արդեն 50 տարի է՝ բաժանված է: Կիպրոսն էլ է մեկ օրինակ, որ հարկավոր է, որ լինեն խաղաղություն, կայունություն և անվտանգություն: Դա մենք ցանկանում ենք նաև բարեկամ հայ ժողովրդին: Հնարավորինս շուտ ցանկանում ենք լսել դրական արձագանք, առաջընթաց»,- ասաց նա: