չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ ընկնել. Սիմոնյանը՝ ՌԴ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունների մասին

Չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ ընկնել. Սիմոնյանը՝ ՌԴ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունների մասին

Հայաստանը լավ հարաբերություններ ունի թե՛ Արևմուտքի երկրների հետ, թե՛ փորձելու է հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ: 

Այս մասին լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: 

«Մենք ո՛չ արևմտամետ ենք, ո՛չ ռուսամետ ենք, մենք հայամետ ենք և Հայաստանի օրակարգն ենք սպասարկում: Չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն ընկնել: Այն խնդիրը, այն հարցերը, հարցադրումները, որ կան մեր ռուս գործընկերների նկատմամբ, օրակարգից դուրս չեն եկել. այնուամենայնիվ, ո՞րն է ՀԱՊԿ–ի սահմանը, ինչո՞ւ է ՀԱՊԿ-ն  նույնիսկ քաղաքական մակարդակով իրեն հեռու պահել...էլի շատ ու շատ հարցեր դուրս չեն եկել»,–ասաց Սիմոնյանը: 

Նա ընդգծեց՝ լավ չէ երկիրն ամբողջությամբ մեկ խողովակից կախելն ու մեկ ճանապարհով երկրի անվտանգությունն ապահովելը: Եվ կարևոր չէ, թե դա որ ճանապարհն է: Սիմոնյանը շեշտեց՝ չի կարելի լինել միայն արևմտամետ, չի կարելի միայն ռուսամետ, պետք է քո երկրի շահերն ունենաս: 

«Ռուսամետները գալու են, ասեն՝ ոչ, միայն Ռուսաստան, եվրոպամետները գալու են, ասեն՝ ոչ միայն Եվրոպա, իսկ Հայաստանն այդ ընթացքում պետք է այդ ծանր երկու, երեք կամ չորս բևեռների մեջ իր շահը տանի: Կարո՞ղ եք ասել աշխարհում գոյություն ունեցող մի երկիր, որն ամբողջությամբ մի քաղաքական գիծ է վարում: Այդպիսի երկրները դադարում են գոյություն ունենալ: Քաղաքական առումով այդ երկրները դառնում են ծայրագավառներ և դադարում են գոյություն ունենալ: Հայաստանը լավ, բարի հարաբերություններ ունի Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ, փորձելու է իր հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ։ Բայց դա չի նշանակում, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ որևիցե մեկը պետք է փորձեն իրենց դրածոներին այստեղ իշխանություն սարքել, հայկական տնտեսությունն իրենցով անել»,–ասաց ԱԺ նախագահը: 

Նա դրա համար կարևորեց հարաբերությունները բալանսավորելն ու որևիցե ծայրահեղության մեջ չընկնելը: 

 

  • Կիսվել: