Ով մտածում է, որ ինքը անձին վիրավորելով՝ պատասխան չի ստանալու, չարաչար սխալվում է. Ավինյան
«Երբ հարցը հասնում է անձնական վիրավորանքներին, անձերի բարոյականությանը, բոլորն էլ մարդ են, կարող են նյարդերը տեղի տալ, մի բան էլ ավել ասեն». այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Նոր Նորքի թաղապետը վիրավորել է ընդդիմադիր ավագանու անդամին։
«Ու սրանից հետո, ժողովուրդ ջան, կներեք, ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, ով մտածում է, որ ինքը անձին վիրավորելով՝ պատասխան չի ստանալու, չարաչար սխալվում է»,- ասաց քաղաքապետը։
Ավինյանը նշեց, որ Նոր Նորքի մանկապարտեզը, որի շուրջ եղել է խոսակցությունը, քաղաքապետարանը դեռ չի ընդունել․
«Այո, այդտեղ կան խնդիրներ: Շինբարեկարգման վարչությունը դեռևս բարեկարգման ողջ գումարը չի վճարել: Այդ խնդրի լուծման ճանապարհը տեխզննողին, շինարարին աշխատեցնելն է, ինչը քաղաքապետարանն անում է: Երբեք այդպիսի դեպք չի եղել, որ աշխատանքը փակած լինենք, ընդունած լինենք, ու դրա մասին բարձրաձայնումն իրական լինի»,- ասաց Տիգրան Ավինյանը։