Չեմ հավատում, որ Տիգրան Ավինյանը չի իմացել, որ իր ավիատոմսը այդքան թանկ է գնվել. Իզաբելա Աբգարյան
Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը չի հավատում, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը չի իմացել, որ ԱՄՆ ուղեւորության իր ավիատոմսը գնվել է 7 մլն դրամով:
«Իհարկե, չեմ հավատում, որովհետև Ավինյանը նստել է ինքնաթիռում բիզնես դաս, նա չէր կարող չնկատել, որ նա գտնվում է բիզնես դասում, որը արդեն իսկ ավելի թանկ էր»,-ասաց նա լրագրողների հետ զրույցում:
Աբգարյանը նկատեց, որ Ավինյանը տոմսի աարժեքը փոխհատեւոցելու մասին խոսեց միայն Հայկ Մարությանի հետ բանավեճից հետո, երբ վերջինս փաստաթուղթը հրապարակային ցուցադրեց. «Կարծում եմ՝ դա տեղի է ունեցել տեսնելով հանրության վերաբերմունքը:
Միայն տոմսի արժեքի վերադարձը ծիծաղելու է իրականում, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել, ունի իր անունը՝ բյուջեի վատնում։ Բյուջեի վատնման հատկանիշներով պետք է ուսումնասիրություն անեն և պարզեն՝ ինչու է այդ պատվերը արվել այդքան թանկ գներով: Բյուջեի մսխումը և վատնումը հենց այն կետն է, որի հիման վրա ավագանին կարող է իմպիչմենտի ենթարկել քաղաքապետին»,-ասաց Աբգարյանը:
Նա կարծիք հայտնեց, որ գումար վերադարձները Տիգրան Ավինյանի կողմից հարկադրված քայլ էր. «Ես կարող եմ այլ օրինակներ էլ բերել, եթե նայեք ուղևորությունները, թե տարվա ընթացքում ուր, ինչ կազմով և որտեղ են մնում, դուք կհասկանաք, որ բյուջեն վատնվում է:
Եթե նայենք իր հայտարարագիրը, կտեսնեք, որ բավականին ունեցվածք ունի, շատ լավ է, թող վերադարձնի, բյուջեն որքան գումար վերադառնա այդքան լավ»,- ասաց ընդդիմադիր գործիչը: