Ցավոք, բազմաթիվ պատգամավորներ թիրախավորում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց. ՔՊ-ական պատգամավորի մտահոգությունը
«Ես երկուսի ասածին էլ վատ եմ վերաբերում, բայց եթե խոսում ենք կանանց հանդեպ խտրականության, սեռով պայմանավորված կարծրատիպերի վերարտադրության մասին, այս մասով ես անընդունելի եմ համարում հենց այդպիսի արտահայտությունները»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով ՔՊ-խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ Թովմասյանի վերաբերյալ արած «սեռավարակի թեստի» մասին արտահայտությանը։
Բաթոյանը ցանկություն հայտնեց անդրադառնալ նաև Արթուր Հովհաննիսյանի մասին Թագուհի Թովմասյանի հայտարարությանը։
«Ուզում եմ խոսել Թագուհի Թովմասյանի արտահայտության մասին, որովհետև, երբ թիրախավորում են թմրանյութեր օգտագործած անձին, ապա ո՞վ է թմրանյութեր օգտագործող անձը՝ առողջական խնդիր ունեցող անձն է, այսինքը մարդ, ով ունի կախվածություն, հետևաբար ինձ համար անընդունելի է, որ ՄԻՊ հանձնաժողովի անդամը կարող է թիրախավորել որևէ անձի և կարծրատիպեր վերացնել»,-հայտարարեց ՔՊ-ական կին պատգամավորը։
Բաթոյանը չմեկնաբանեց փաստը, որ 2017 թվականին Արթուր Հովհաննիսյանը թմրանյութի գործով էր անցել, իսկ ՔՊ-ական պատգամավորներից մեկն էլ հայտարարել էր, որ իրենց խնջույքներն առանց համապատասխան կանաչ զանգվածի չեն անցնում։
ՔՊ-ական կին պատգամավորը նաև անընդունելի համարեց, որ շատ հաճախ խոսում են հոգեկան առաղջություն ունեցող մարդկանց մասին
«Հանրային խոսքում, ցավոք, բազմաթիվ պատգամավորներ թիրախավորում են, ոչ միայն թմրանյութեր օգտագործող անձանց, այլ շատ հաճախ խոսում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մասին, կանանց մասին և այլն»,- հայտարարեց Բաթոյանը։


