հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Միրզոյանը հունգարացի իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Միրզոյանը հունգարացի իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի կողմից կազմակերպված աշխատանքային նախաճաշին: Հանդիպումը կայացել է Հունգարիայի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթաժողովի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի առնչությամբ, ինչպես նաև ջանքերը խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ որպես տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր գործոն։

  • Կիսվել: