երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Բայդենն իր ուղերձում որևէ կերպ չի հիշատակել Արցախում ապրող հայերի դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանությանը. ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն

Բայդենն իր ուղերձում որևէ կերպ չի հիշատակել Արցախում ապրող հայերի դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանությանը. ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարություն է տարածել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձի վերաբերյալ:

«Այսօր նախագահ Բայդենը վերաշրջանառել է 1915-23 թվականների Հայոց ցեղասպանությունը ճանաչող ապրիլքսանչորսյան անցած հայտարարությունները՝ առանց որևէ կերպ հիշատակելու իրենց բնիկ հայրենիք Արցախում ապրող հայերի դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղասպանությանը»,- նշվում է Համբարյանի հայտարարության մեջ:

ANCA-ի գործադիր տնօրենը նշել է, որ սա սառն ու հաշվարկված քայլ է, որը շատ ավելին է, քան բաց թողնված հնարավորությունը, որն «ազդարարում է Ադրբեջանին, որ ԱՄՆ-ն նավթով հարուստ Ալիևի վարչակարգի վրա չի դնի ծախսեր ու հետևանքներ՝ Արցախի և Հայաստանի դեմ սրվող էթնիկ զտումների և ոչնչացման մակարդակի ագրեսիայի համար»։

«Սա անտարբերության սահմռկեցուցիչ հաղորդագրություն է ուղարկում ամերիկացիներին և ամերիկացիների դաշնակիցներին, ինչպես նաև Արցախի և Հայաստանի ժողովրդին՝ այս դարավոր ոճրագործության զոհերի հանդեպ կեղծ կարեկցանքի բարակ ծածկույթի ներքո»,- ասվում է հայտարարության մեջ:

«Այսօրվա հայտարարությունը, ցավոք, համահունչ է քաղաքականությանը մի նախագահի, որը միացավ Կոնգրեսին (և 50 նահանգներին)՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը 2021 թվականին, այնուհետև 24 ժամվա ընթացքում կանաչ լույս վառեց ԱՄՆ-ի ռազմական օգնությանն Ադրբեջանին՝ մի դժոխային երկրի, որը ցանկանում է ավարտին հասցնել այս հանցագործությանը: Նախագահի կողմից 1915 թվականի ցեղասպանության զոհերին հարգելու պատշաճ ձևը 2023 թվականի՝ Արցախի էթնիկ զտումները դադարեցնելն է, և դա սկսվում է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության դադարեցումից»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված իր ուղերձում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել էր. ՛՛Թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ՛՛:

 

  • Կիսվել: