Բաքուն մտադիր է փակել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը․ Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ ԽՎ նիստում
Բաքուն մտադիր է փակել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքը, այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է Մոսկվայում անցկացվող ՀԱՊԿ ԽՎ նիստում։
Նա, մասնավորապես, նշել է․
«Ադրբեջանը սկսել է հայտարարել, թե Լեռնային Ղարաբաղի խնդիր այլևս գոյություն չունի, ինչպես նաև գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության հասկացություն։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջերս նաև ռուս խաղաղապահներից է պահանջել չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տեղանունը և հայկական տեղանունները: Իսկ վերջին օրերին հաճախակիացել են ադրբեջանցիների սադրանքները»,-ասել է նա։
Ալեն Սիմոնյանը նաև նշել էմ որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքները, ինչը նշանակում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում երրորդ երկրների ներկայություն, և որ առկա է էթնիկ զտումների և ցեղասպանության աճող սպառնալիք։
«Բաքուն բոյկոտում և ժխտում է միջազգային գործընկերների ջանքերը, հարձակումներ են հնչում ռուս խաղաղապահների դեմ, որոնց մանդատը մինչ օրս չի հաստատվել Ադրբեջանի կողմից»,-ասել է ԱԺ խոսնակը։


