Բաքուն ևս ներկայացրել է Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների արդյունքները
Ժնեւում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ էլմար Մամեդյարովի եւ Զոհրաբ Մնացականյանի բանակցությունները վերջին տարիների ամենաինտենսիվ բանակցություններն էին. կողմերը համաձայնվել են մոտ ժամանակներս կրկին հանդիպել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւային:
Աբդուլաեւան, մասնավորապես, ասել է. «Ժնեւում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները վերջին տարիների ամենաինտենսիվ բանակցություններն էին: Կողմերը քննարկել են համանախագահներին ներկայացված օրակարգը: Այդ կապակցությամբ քննարկվել են 2019 թվականին ներկայացված առաջարկները, մասնավորապես, երկու ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելը, մարդասիրական փոխանակումը, սկզբունքներն ու տարրերը, որոնք հակամարտության հիմք են կազմում, հատկապես՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներն ու կետերը, եւ, ի վերջո, բանակցային գործընթացի ինտենսիվացումը: Նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ժամանակներս»:
Հիշեցնենք, որ երեկ եւ այսօր Ժնեւում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: