ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Բաքուն «արդյունավետ չի համարում Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ»

Բաքուն «արդյունավետ չի համարում Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ»

Բաքուն «արդյունավետ չի համարում Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ», ըստ նրա՝ «դա վնասակար քաղաքականություն է». նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից Հայաստանին CAESAR հրետանային համակարգեր մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը:

«Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ֆրանսիական ռազմականացման քաղաքականությունը քայլ է, որը կխթանի Հայաստանում «ռևանշիստական ուժերին» (չակերտները՝ Tert.am): Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը խիստ մտահոգիչ է: Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ՝ Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի։ Հայաստանը Հարավային Կովկասում «օկուպացիա և ագրեսիա» (չակերտները՝ խմբ․) իրականացրած երկիր է. նման երկրին զինելը անընդունելի է», - ասել է Հաջիևը։

Նախօրեին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտնել էր, որ Փարիզը շարունակում է ամրապնդել պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ:

«Նոր կարևոր հանգրվան՝ CAESAR հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագրի կնքմամբ», - X-ում գրել էրպաշտոնյան:

  • Կիսվել: