Բանակը մեզ համար անվտանգության ոչ թե գործիք է, այլ ռեզերվ. Փաշինյան
Մենք անվտանգության ոլորտում արդեն իսկ համագործակցում ենք Եվրամիության երկրների հետ, մենք ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն ունենք Ֆրանսիայի հետ, մենք նաև Եվրամիության խաղաղության գործիքի միջոցով արդեն երկու անգամ աջակցություն ենք ստացել ԵՄ–ից։ Այս մասին Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ընդհանուր առմամբ համագործակցում ենք Եվրամիության հետ տարածաշրջանային համատեքստում, և վերջերս Ադրբեջանի հետ հաստատված խաղաղությունը մեզ համար հնարավորություն է ստեղծում, որպեսզի մենք Եվրամիության հետ մեր համագործակցությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերում ընդլայնենք։
Ընդհանրապես, անվտանգություն ասելով, շատ հաճախ հասկանում են զենք, զինամթերք, բանակ, հատուկ ծառայություններ, օպերատիվ գործողություններ և այլն։ Մենք շատ երկար՝ 30 տարի այդ ընկալման մեջ ենք եղել, բայց հիմա այդ ընկալման փոփոխություն է եղել։
Հայաստանում էլ շատ խոսվում է անվտանգության երաշխիքների մասին, ինձ համար հիմա ակնհայտ է, որ անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է, չկա ավելի հուսալի անվտանգության երաշխիք, քան խաղաղությունը։ Երկրորդ շերտի անվտանգության երաշխիքը համագործակցությունն է, փոխկապվածությունը, տնտեսական համագործակցությունը և փոխշահավետությունը։
Իհարկե, մենք ռազմատեխնիկական համագործակցություն ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եվրոպական մի շատ երկրների հետ, որը նախկինում երբեք չենք ունեցել, բայց հասկանալով, որ բանակի զարգացումը շատ կարևոր է և յուրաքանչյուր ինքնիշխան երկրի ոչ միայն իրավունքն է, այլև պարտականությունն է, բայց անվտանգության մեր ընկալումները փոխվում են ռազմականից դառնալով քաղաքական և և դիվանագիտական։ Ես կարծում եմ, որ մենք ավելի շատ պետք է շեշտը դնենք այս տրամաբանության վրա։
Հայաստանի ներսում էլ ես այս մասին խոսելիս ասում եմ՝ բանակը մեզ համար անվտանգության ոչ թե գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է, երբ որ հանկարծ որևէ պայմաններում իմ ասած առաջնային գործիքները հանկարծ չաշխատեն»։



