Բա ասում էիք` բոլորի՞ն եք սիրում, էլ չե՞ք սիրում, սառե՞լ է ձեր սերը. դուք միայն ձեր աթոռն եք սիրում. Ռուստամյանը` ՔՊ-ին
Շատ վարպետորեն ուզում եք խուսափել այն հարցից, որն այս ուղերձի մեջ արձանագրված է: Այս մասին այսօր ԱԺ-ում, դիմելով իշխանական պատգամավորներին, ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը։
«Խոսքը շատ լուրջ հարցի մասին է, որից դուք չեք կարող խուսափել, իրականությունը շատ ճչացող է եւ ակնհայտ: Գոյություն ունի մի ծրագիր, որը դուք եք հաստատել եւ դուք ձեւավորել եք մի կառավարություն, որը այդ ծրագրի հետ որեւէ կապ արդեն կորցրել է: Այս խղումը նոնսենս է, որը դուք պետք է լուծեք:
Այդ լուծման տարբերակ մենք ենք առաջարկել, ասում ենք, որ այս ձեւով, երբ ծրագիրն ու կառավարությունը իրար չեն համապատասխանում, դա պետք է բերի նոր կառավարության ձեւավորման՝ նոր ծրագրի ԱԺ բերելով:
Այդ խզումները շատ լուրջ են ու պետք է վերացվեն՝ կամ այս կառավարությունը փոխում է ծրագիրը, նոր ծրագիր է ընդունվում ԱԺ կողմից, դա խորհրդարանական համակարգին բնորոշ գծերից մեկն է, կամ այդ կառավարությունը հրաժարական է տալիս։ Այլ ձև գոյություն չունի»,- հայտարարեց Ռուստամյանը:
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակը որևէ ուժի համար տանելի չէ, համախմբում է անհրաժեշտ, ինչն առաջարկում են իրենք։
«Դուք մերժում եք դա։ Ի՞նչ եք դուք ասում. ըստ էության, ասում եք՝ մենք մեծամասնություն ենք, մանդատ են տվել, ինչ ուզենք, այն էլ կանենք, մենք մի բան ասել ենք, կարող ենք ուրիշ բան անել։ Սա կոչվում է պարզապես ստի փառաբանում։ Դուք ստի ու կեղծիքի փառաբանմամբ եք զբաղված ու դա դարձրել եք պետական քաղաքականության հիմք։
Ձեզ հռչակել եք ժողովրդավարության բաստիոն։ Առնվազն երկու նախագիծ է եղել, որ հազարավոր մարդիկ ուզում էին այդ հարցը քննարկվի ԱԺ-ում, բայց մերժեցիք։ Բա ո՞ւր մնաց այն, որով իշխանության եք եկել՝ բոլորին սիրում եք, խոնարհվում եք բոլորի առաջ։ Սուտ է ուրեմն այդ ամեն ինչը։ Այլևս չե՞ք սիրում, սառե՞լ է ձեր սերը, ի՞նչ է տեղի ունեցել։ Դուք ինքներդ ձեր մեջ այդ վերլուծությունը կատարեք։ Իսկ ի՞նչ է բացահայտվում, որ ամեն ինչից շատ, ամեն ինչի վեր սիրում եք դուք ձեր աթոռը։ Սա է իրականությունը ու սա արձանագրվելու է, չեք կարողանալու խուսափել»։
Նա դեռ չէր ավարտել խոսքը, երբ Ալեն Սիմոնյանը անջատել տվեց խոսափողը՝ ժամանակը լրանալու պատճառով։


