հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
ԱԺ-ում նման կարևորության հարց բերել հրատապ ընթացակարգով և ակնկալել, որ բոլոր մանրամասներով կքննարկվի, դա առնվազն աբսուրդ է. Արծվիկ Մինասյանը՝ ԸՕ փոփոխությունների մասին

ԱԺ-ում նման կարևորության հարց բերել հրատապ ընթացակարգով և ակնկալել, որ բոլոր մանրամասներով կքննարկվի, դա առնվազն աբսուրդ է. Արծվիկ Մինասյանը՝ ԸՕ փոփոխությունների մասին

«ՀՀ ընտրական օրենսգրքի» փոփոխություններ անելու հանրային որևէ պահանջ չկա։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

ԱԺ-ն այսօր քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի` ՀՀ–ում մեկ տարում 183 օր չգտնվելու դեպքում ՀՀ քաղաքացին կամ ռեզիդենտ հանդիսացող անձինք չեն կարողանա մասնակցել ընտրություններին կամ հանրաքվեներին։

Մինասյանը հայտարարեց, որ այս նախագիծը նորմալ հանրային քննարկում չի անցել, իսկ այն քննարկումները, որոնք եղել են, իշխանության ներկայացուցիչները մշտապես ասում էին, թե այս կամ այն հարցի պատասխանը կլինի շուտով կամ դեռ պարզ չէ։

«ԱԺ-ում նման կարևորության հարց բերել հրատապ ընթացակարգով և ակնկալել, որ բոլոր մանրամասներով կքննարկվի, դա առնվազն աբսուրդ է։ Նաև` այդպես էլ չհասկացա օրենսդրական այս փոփոխությունների հանրային պահանջն ինչպե՞ս ձևավորվեց և ո՞րն է իշխանության համար հանրային պահանջի չափման միավորը` ինչ–որ քանակություն է, որակական կազմ է, թե՞ սոցիոլոգիական հարցում եք արել։ Նույնիսկ ձեր նախընտրական ծրագրում չկա»,- ասել է Մինասյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին ևս բարկացրել է հրատապության ռեժիմով նախագծի քննարկումը։ «Բրդե՛նք, սղացնե՛նք, պրծնե՛նք. սենց կարևոր օրինագիծը բերել եք 8-րդ գումարման վերջին նիստի՞ն»,-նշել է նա։

 

  • Կիսվել: